Իրանը խորացնում է ՌԴ հետ կապերը. ի՞նչ է սպասվում Հայաստանին
ПолитикаԻրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, թե Իրանը պատրաստ է Ռուսաստանի հետ համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիր ստորագրել հոկտեմբերին Կազանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովում:
«Մենք մեծ նշանակություն ենք տալիս Ռուսաստանի հետ հարաբերություններին, և, անկասկած, կամրապնդենք այդ հարաբերությունները», - հավելել է Իրանի ընտրված նախագահը:
Պուտինի հետ զրույցի ընթացքում Փեզեշքիանն ընդգծել է BRICS-ում, Շանհայի համագործակցության կազմակերպությունում, ԵԱՏՄ-ում և միջազգային ու տարածաշրջանային հարթակներում երկու պետությունների համագործակցության կարևորությունը։ Իրանի և Ռուսաստանի հարաբերությունների այս խորացումը, նշենք, հակոտնյա է ՀՀ գործող վարչախմբի արևմտամետ քաղաքականությանը։
Մինչ Փաշինյանը ձգտում է հեռանալ ՀԱՊԿ-ից, և, որպես հետևանք, ԵԱՏՄ-ից, Իրանն ավելի է խորացնում հարաբերությունները, իսկ Հայաստանը դիտարկվում է որպես կամուրջ Իրանի և ԵԱՏՄ-ի միջև։ Զարմանալի չէ, որ Պուտինի հետ զրույցից հետո Փեզեշքիանը հեռախոսազրույց է ունեցել նաև Նիկոլ Փաշինյանի հետ։ Պաշտոնական վարկածով, զրուցակիցները վերահաստատել են իրենց հավատարմությունը նախկինում միջպետական մակարդակում ձեռքբերված պայմանավորվածություններին:
Փաշինյանն ու Փեզեշքիանը պայմանավորվել են առաջիկա պատեհ առիթով հանդիպել: Իսկ, թե իրականում ինչ է խոսվել, ինչ է նշել Իրանի նախագահը, հաստատապես չի հաղորդվելու։ Բայց, որ հարաբերություններում որոշակի խնդիրներ կան, հերքելն անհնար է։
Ինեսա Ասլանյան