Թուրքիայի դեսպանը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ՝ կապված ֆուտբոլիստ Դեմիրալի արգելված ժեստի հետ
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բեռլինում Թուրքիայի դեսպանը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ-ն՝ կապված Թուրքիայի ֆուտբոլի հավաքականի ֆուտբոլիստ Մերիհ Դեմիրալի ազգայնական ժեստի հետ, որը նա ցույց է տվել Գերմանիայում ընթացող Եվրոպայի առաջնության 1/8-րդ եզրափակչում Ավստրիայի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է Der Spiegel-ը:
«Այսօր մենք միջադեպը քննարկել ենք Բեռլինում Թուրքիայի դեսպանի հետ»,- ասել է Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչը՝ ի պատասխան dpa գործակալության խնդրանքի։
Ընդունող պետության արտաքին գործերի նախարարություն օտարերկրյա դեսպանին կանչելը համարվում է կոշտ դիվանագիտական միջոց, նկատում է աղբյուրը։
Նախօրեին Թուրքիայի ԱԳՆ-ն կանչել էր Անկարայում Գերմանիայի դեսպանին։ Թուրքիայի կառավարությունը Գերմանիային մեղադրել էր «այլատյացության» համար։
Նշենք, որ Դեմիրալը կարող է որակազրկվել «Եվրո-2024»-ից, քանի որ Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈւԵՖԱ) ժեստի պատճառով հետաքննություն է մարզիկի նկատմամբ:
Երեքշաբթի Թուրքիայի հավաքականը «Եվրո-2024»-ի 1/8-րդ եզրափակչում 2:1 հաշվով հաղթել է Ավստրիային։ Երկու գոլն էլ խփել է Դեմիրալը։ Տոնելով երկրորդ գոլը՝ նա ցույց է տվել «գորշ գայլերի» ողջույնի ժեստը, որը գայլի գլուխ է հիշեցնում։ Դա թուրքական ծայրահեղ ազգայնական Bozkurtlar («Բոզքուրթ» կամ «Գորշ գայլեր») կիսառազմական խմբավորման խորհրդանիշն է։ Խմբավորումը հավատարիմ է ռասայական գերազանցության, հայատյացության, հակասեմականության և իսլամիզմի գաղափարախոսությանը:
«Իհարկե, շատ ուրախ եմ, որ երկու գոլ խփեցի. այն, թե ինչպես եմ դրանք տոնել, կապված է իմ թուրքական ինքնության հետ: Ես մարզադաշտում տեսա մարդկանց, որոնք նույնպես այս ժեստն արեցին: Հուսով եմ, որ այս ժեստն անելու ավելի շատ հնարավորություններ կունենամ: Որևէ քողարկված իմաստ չկա: Ես պարզապես ուզում էի ցույց տալ, թե որքան երջանիկ եմ»,- արդարացել է Դեմիրալը։
Նշենք, որ Ավստրիայում պաշտոնապես արգելված է «գորշ գայլի» ողջույնի ժեստը։