Թե՛ իշխանության գալու, թե՛ այն պահելու համար Փաշինյանի գործիքը բռնությունն է. Մենուա Սողոմոնյան
ВидеоՄենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Սիրելի՛ հայրենակիցներ, ձեր ուշադրությունն եմ հրավիրում այսօր իմ խոսքային վրիպման արդյունքում իշխանության ծառայամիտ որոշ ֆունկցիոներների կողմից հանրային ապատեղեկատվության ու աղմուկին առնչվող որոշ հանգամանքների վրա․
Այսօր «ՀայաՔվե» նախաձեռնության անդամներով ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացրել ենք հաղորդում հունիսի 12-ին տեղի ունեցած հավաքի ընթացքում ոստիկանության ապօրինի գործողությունների վերաբերյալ։
Ակցիայի ընթացքում՝ ճեպազրույցի ժամանակ, զուգահեռներ անցկացնելով մարտի 1-ի և հունիսի 12-ի միջև, լրագրողի հարցին ի պատասխան թույլ եմ տվել խոսքային վրիպում, որի համար անմիջապես ներողություն եմ խնդրել։
Կարճ ժամանակ անց Հանրային հեռուստաընկերության քաղաքական մեկնաբան Պետրոս Ղազարյանը իր էջին է դրել իմ խոսքի մոնտաժված տեսանյութը, որից դուրս էր մնացել վրիպմանս առնչությամբ ներողություն խնդրելուս հանգամանքը։ Հայտնվեց նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի գրառումն այն շեշտադրմամբ, որ ես, իբր, որպես հրապարակային տեսակետ, ափսոսացել եմ, որ հունիսի 12-ին զոհեր չեն եղել։
Հերթական անգամ ականատես ենք լինում կազմակերպված ձևով ու պետական բարձր մակարդակով կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելու, ապակողմնորոշում հարուցելու դեպքին։ Այո, ժողովրդի հարկերից ամսական միլիոնավոր դրամ աշխատավարձ ստացող պաշտոնյաները փնթիությամբ ու ցինիզմով փորձում են ապակողմնորոշել ժողովրդին։
Իրականության մեջ երկու միտք խառնել եմ իրար․ մեկը ափսոսանքն է եղել մարտի 1-ի զոհերի համար, մյուսը բարեբախտությունը, որ հունիսի 12-ին զոհեր չեն եղել։
Իսկ ինչ վերաբերում է հունիսի 12-ը մարտի 1-ի հետ համեմատել-չհամեմատելու հանգամանքին, ապա այստեղ հատկանշականը ոչ թե երկու իրադարձությունների տարբեր դրվագների նմանությունն է, այլ այն, որ երկու իրադարձությունն սերտորեն էլ կապված են նույն անձի իշխանատենչության հետ․ մի դեպքում նա բռնությունը օգտագործել է իշխանության հասնելու, մյուս դեպքում՝ իշխանությունը պահելու համար։
Ստորև՝ մեկնաբանության մեջ, դնում եմ ելույթիս ամբողջական տարբերակը, որտեղ վրիպակը և դրան հաջորդած ներողությունս 6։40 րոպեից սկսած կարելի է տեսնել։