Բայդենը դուրս չի գա նախագահական մրցավազքից. նախընտրական շտաբի խոսնակ
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դուրս չի գալիս 2024 թվականի նախագահական մրցավազքից, ասել է նրա նախընտրական շտաբի պաշտոնյան այն բանից հետո, երբ գործող նախագահն իր գլխավոր մրցակից Դոնալդ Թրամփի հետ առաջին հեռուստաբանավեճում այդքան էլ հաջող հանդես չի եկել:
Ինչպես գրում է thehill.com-ը, բանավեճից հետո դեմոկրատների շարքերում խոսակցություն է տեղի ունեցել այն մասին, թե արդյոք Բայդենին պետք է փոխարինել նոր թեկնածուով:
«Իհարկե, նա դուրս չի գալիս», - ասել է Բայդենի նախընտրական շտաբի խոսնակ Սեթ Շուստերը տեքստային հաղորդագրության մեջ:
Ընդ որում, նախագահն ինքը բանավեճից հետո հերքել է մրցապայքարից դուրս գալու հավանականությունը:
«Ո՛չ, դժվար է բանավիճել ստախոսի հետ. The New York Times-ը պարզել է, որ նա ստել է 26 անգամ»,- ասել է Բայդենը՝ նկատի ունենալով նախկին նախագահ Թրամփին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ նախագահի թեկնածուներ Ջո Բայդենի և Դոնալդ Թրամփի առաջին հեռուստաբանավեճից հետո քննարկվում է Բայդենին այլ թեկնածուով փոխարինելու հնարավորությունը:
Իր ելույթի ընթացքում Բայդենը պարբերաբար լեզվի սայթաքումներ էր թույլ տալիս, նա լուրջ սխալներ չուներ, բայց ինչ-որ պահի նախագահի մտքի թելը կտրվել է, և Թրամփը դա նկատել է:
«Ես իսկապես չգիտեմ, թե նա ինչ ասաց նախադասության վերջում: Եվ ես կարծում եմ, որ նա ընդհանրապես չի էլ հիշում»,- կատակել է ԱՄՆ նախկին նախագահը։
Այս բանավեճից հետո ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունում քննարկում է սկսվել այն մասին, թե արդյոք հնարավոր է Բայդենի թեկնածությունը հանել ընտրություններից և փոխարինել նրան մեկ այլ թեկնածուով։ Դրա համար կպահանջվի անձամբ ԱՄՆ նախագահի համաձայնությունը։
Դեմոկրատական կուսակցության համագումարը, որում վերջնականապես որոշվելու է կուսակցության թեկնածուն, տեղի կունենա օգոստոսին։
Նշենք, որ հեռուստադիտողների 67%-ի կարծիքով՝ հանրապետական թեկնածուն գերազանցել է գործող նախագահին. այս են վկայում CNN-ի հարցման արդյունքները։
Համաձայն դրա արդյունքների՝ հեռուստադիտողների միայն 33%-ն է կարծում, որ Ջո Բայդենն ավելի լավ է հանդես եկել, քան իր մրցակիցը։
CNN-ը նշում է, որ հարցման արդյունքները չեն արտացոլում բոլոր ընտրողների կարծիքը: Ընդ որում, հեռուստաալիքը և նրա լսարանը համարվում են Դեմոկրատական կուսակցության համակիրներ։
Հեռուստաալիքի տվյալներով՝ բանավեճից առաջ ընտրողները (55% ընդդեմ 45%) ասել են, որ ակնկալում են, որ Դոնալդ Թրամփը ավելի լավ հանդես կգա, քան ԱՄՆ ներկայիս նախագահը։