Հայաստանն ու Ադրբեջանը կկարողանան հասնել խաղաղության համաձայնագրին․ Ջեյմս Ուորլիք
ПолитикаՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը լավատես է, որ Հայաստանն ու Ադրբեջանը կկարողանան հանգել խաղաղության համաձայնագրին։
Ամերիկայի Ձայնի փոխանցմամբ, ամերիկացի դիվանագետը նման կարծիք է հայտնել Վաշինգտոնում՝ «Ատլանտյան խորհրդի» Եվրասիական կենտրոնի կողմից կազմակերպված առցանց քննարկմանը:
«Թվում է, մոտենում ենք վերջնակետին։ Կարելի է ասել նաև, որ այս ֆիլմը նախկինում էլ ենք դիտել, երբ մոտեցել ենք վերջնագծին, բայց այդպես էլ չի հաջողվել անցնել վերջնագիծը»,- ասել է Ուորլիքը:
Հիշատակելով նախորդ շաբաթներին Տավուշի ուղղությամբ ադրբեջանական գյուղերի վերադարձնելը Բաքվին՝ ամերիկացի դիվանագետը նշել է, թե բանակցություններում մի քանի առանցքային կետեր են մնացել:
«Սահմանագծումը, թվում էր, դյուրին հարց է, քանզի կողմերը համաձայնել էին սահմանների հարցը լուծել՝ առաջնորդվելով խորհրդային քարտեզներով, բայց, կարծես, դա երկար ժամանակ է պահանջելու»,- նշել է Ուորլիքը՝ հավելելով, թե մյուս խնդիրը Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցության հարցն է։
«Կարծում եմ, երկու երկրների շահերից է բխում ոչ միայն լուծել այդ հարցը, այլև ճանապարհ գտնել այդ միջանցքը ստեղծելու համար: Ադրբեջանը, կարծես, նախընտրում է երկաթուղային ճանապարհը, և, անկեղծ ասած, Հայաստանն էլ պետք է ողջունի այս տարբերակը, քանի որ այն բացում է սահմանը և տրանսորտային ու առևտրային նոր ճանապարհների [գործարկման] հնարավորություն տալիս»,- ասել է Ուորլիքը։