Վարչախումբը պառակտում է ընդդիմադիր շարժումը
Политика«Տավուշը հանուն հայրենիքի» ընդդիմադիր շարժումը հայտարարում է, թե շարունակելու է փողոցային պայքարը, նոր վերադասավորումներ է անելու և համակարգված ու ընդգրկուն է ներկայանալու հանրությանը, բայց ընդդիմադիր շարժման մեջ առկա խնդիրներն արդեն իսկ գլուխ են բարձրացնում։
Գործող վարչախումբն էլ ամեն ինչ անում է ընդդիմությանը պառակտելու, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին աջակցող տարբեր խմբերի միջև թշնամանք գցելու համար, հատկապես այդ գործում առաջատար դերը ստանձնել է Ազգային անվտանգության ծառայությունը, որը տարբեր գաղտնալսումներ տրամադրում է իշխանական կայքերին և քարոզիչներին դրանք տարածելու։
Նման մի քանի գաղտնալսում էլ երեկ են տարածել կապված ՀՅԴ ԳՄ անդամ ներկայումս կալանավորված Գերասիմ Վարդանյանի հետ։ Իբր Վարդանյանն այդ հեռախոսազրույցներում վիրավորական արտահայտություններ է անում, Բագրատ Սրբազանի, Սերժ Սարգսյանի, ընդդիմության այլ ներկայացուցիչների հասցեին։
ՀՅԴ գերագույն մարմինը հայտարարություն է տարածել՝ պնդելով, թե բոլոր այդ ձայնագրություններն արվել են այլ տեխնոլոգիաներ իրականացնելով, կոչ արել չհավատալ այդ ձայնագրություններին։ Մինչդեռ նշենք, որ նման ձայնագրությունները, նույնիսկ եթե դրանք կեղծ են, բավականին լուրջ նստվածք են տալու ընդդիմության մեջ, առանց այն էլ Բագրատ Գալստանյանի գլխավորած շարժումը խնդիրներ ունի։ Չկարողանալով իր սահմանած ժամկետում հասնել իշխանափոխության՝ շարժումը լուրջ ռեպուտացիոն կորուստ է կրել, իսկ շարժման առաջնորդներից Սուրեն Պետրոսյանի հետ տեղի ունեցած միջադեպը լրջորեն ազդել է շարժման ղեկավար կազմի գործողությունների վրա և լուրջ կասկածներ առաջացրել միմյանց նկատմամբ։
Հասմիկ Բիշարյան