Վարչախումբը մտադիր է անվերադարձ վնասել Բելառուսի հետ հարաբերությունները
ПолитикаՀայաստանը մտադիր է անվերադարձ վնասել Բելառուսի հետ դիվանագիտական հարաբերություններին։ Օրեր առաջ, հիշեցնենք, Փաշինյանն անակնկալ կերպով խորհրդարանում հայտարարել էր, որ այլևս ո՛չ ինքը, և ո՛չ էլ ՀՀ որևէ պաշտոնական ներկայացուցիչ Բելառուս չեն այցելելու, քանի այդ երկրի նախագահն Ալեքսանդր Լուկաշենկոն է։
Փաշինյանի հայտարարությունը հնչել էր Լուկաշենկոյի արտահայտությունից ուղիղ մեկ ամիս անց։ Թե ի՞նչ էր մեկ ամիս մտածում Նիկոլ Փաշինյանը, հայտնի չէ, հայտնի չէ նաև, թե ինչու՞ է հենց հիմա որոշել պատասխանել Լուկաշենկոյին, ընդ որում այսպիսի կարծր տոների մեջ։
Երեկ էլ ՀՀ ԱԳՆ-ն առաջին անգամ դուրս է եկել դիվանագիտական ձևակերպումների դիապազոնից՝ դիվանագիտական լեզվով գրեթե հայհոյանք տալով Բելառուսին։ ԱԳՆ խոսնակը հայտնել է, որ Հայաստանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել բելառուսական կողմին՝ ՀՀ ներքին գործերին միջամտելու առնչությամբ։ Հավելենք, որ երկրի ապագայի մասին մտածող, ղեկավար ունենալու մաղթանքներ հղելիս, մաղթողն ինքը պետք է սեփականն ունենա, Բելառուսի պարագայում այս պահին դա հիրավի շռայլություն է,- նշված է ՀՀ ԱԳՆ խոսնակի հայտարարության մեջ։
Ըստ էության՝ պաշտոնական Երևանը ձեռնոց է նետում Մինսկին՝ ցույց տալով, որ բոլորովին մտադիր չէ հետքայլ անելու և ընդհուպ մինչև վերջ փչացնելու են հարաբերությունները։
Լուկաշենկոն, իհարկե, անպայման կարձագանքի, թերևս հենց դա էլ Նիկոլ Փաշինյանի ցանկալի սցենարն է։ Ռուսաստանին չկարողանալով հունից հանել, այժմ փորձում է հունից հանել Լուկաշենկոյին և այդ կերպ նախադրյալներ ստեղծել ոչ միայն ՀԱՊԿ-ն, այլ նաև մյուս ինտեգրացիոն միավորումները լքելու նպատակով։
Մերի Երանոսյան