«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցության հայտարարությունը
ОбществоԱյսօր գործող վարչախմբի ղեկավարը երկրորդ անգամ կրակեց սեփական ժողովրդի վրա։ Կրակեց այնպես, ինչպես որ դա անում է թշնամին՝ անսպասելի ու նենգաբար։
Հուլիսի 12-ին անհնազանդության խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ ոստիկանությունը չբավարարվեց բիրտ ու անհամաչափ ուժ կիրառելով։ Գործի դրվեցին լուսաձայնային նռնակներ։ Սրա հետևանքով ավելի քան 50 քաղաքացիներ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։
Ընդ որում, դրանցից շատերը բնորոշ են առավելապես պատերազմական գործողությունների ժամանակ ստացած վիրավորումներին։
Եվ այսօրվա խայտառակությունը տեղի ունեցավ միայն նրա համար, որպեսզի գործող վարչախմբի ղեկավարը կարողանա ճողոպրել Ազգային ժողովի շենքից։
Աջ ու ձախ ժողովրդի քվեն ունենալու գլուխգովանության փուչիկն էլ պայթեց ու տակն այլևս ոչինչ չմնաց։ Միայն վախեր ու աթոռից կառչած լինելու դատապարտված մոլուցք։
«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը խստորեն դատապարտում է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ անհնազանդության խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ ոստիկանության կողմից բիրտ ուժի և հատուկ միջոցների կիրառումը։
Տեղի ունեցածի միակ մեղավորն ու պատասխանատուն այլևս լեգիտիմություն չունեցող և իշխանությունը կորցնելու վախից ամեն ինչի ընդունակ գործող վարչախմբի ղեկավարն է։
Առաջին իսկ օրվանից լինելով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողքին՝ ևս մեկ անգամ վերահաստատում ենք մեր աջակցությունը Սրբազանին, շարժման մասնակիցներին և համակիրներին։
«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցություն