Շնորհավորանքի մասին «թմբկահարում» են, իսկ աջակցության մասին՝ լռում. «Փաստ»
Пресса«Փաստ» օրաթերթը գրում է.
Նախորդ համարում մենք տեղեկացրել էինք, որ Հայաստանը մերժել է Ռուսաստանի Դաշնության կողմից այնպիսի աջակցությունը, որը կարող է ենթադրել ռուսական կողմի անմիջական ներկայություն հեղեղումներից տուժած աղետի գոտում: Այդուամենայնիվ, ինչպես տեղեկացրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հետևանքների վերացմանը միանգամից միացել է Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը, Հայաստանի իշխանություններին փոխանցել է անհրաժեշտ սարքավորումներ: Նա նաև նշել է, որ օգնության տրամադրման հարցը քննարկում են նաև Հայաստանում գործող մի շարք ռուսական ընկերություններ, մասնավորապես ՀԿԵ-ն:
Եվ ահա, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի մամուլի քարտուղար Անդրեյ Մատվեևը տեղեկացրել է, որ «Ռուսական երկաթուղիներ» ընկերության մասնագետները Հայաստանում սկսել են բնական աղետի հետևանքով վթարված երկաթգծի վերանորոգման աշխատանքները։ Նա ասել է, որ Ռուսաստանը դրա համար ֆինանսական միջոցներ է հատկացրել, և նշել, որ ռուսաստանցի մասնագետները ամեն ինչ կանեն, որպեսզի հնարավորինս արագ վերականգնեն Հայաստանի երկաթուղային հաղորդակցությունը արտաքին աշխարհի հետ։ Ուշագրավ է, որ այս տեղեկություններին զուգահեռ հաղորդագրություն տարածվեց, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ: Այս տեղեկությունը իշխանական ու մերձիշխանական շրջանակների և տեղեկատվական հարթակների կողմից չափազանց մեծ տարածում գտավ:
Սակայն տեղեկություններն այն մասին, որ Ռուսաստանը զգալի աշխատանքներ է տանում աղետի հետևանքների վերացման ուղղությամբ, շատ քիչ տարածվեցին իշխանական քարոզչամեքենայի կողմից: Այսինքն, ստացվում է, որ սրանով իշխանությունները միանգամից մի քանի հարց են փորձում լուծել. նախ՝ ներքաղաքական ճգնաժամային այս վիճակում ցույց տալ, որ Պուտինը շնորհավորել է Փաշինյանին, բայց մյուս կողմից՝ շատ չտարածել Ռուսաստանի օգնության մասին տեղեկությունները, որպեսզի Ռուսաստանի մասին լավ տպավորություն չստեղծվի հասարակության մեջ, ինչպես նաև Արևմուտքն ու մասնավորաբար ԱՄՆ-ը հանկարծ «չջղայնանան» իրենց վրա:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում