ԱՄՆ ճանաչեց Տավուշի հաղթանակը
ОбществоLragir.am-ը գրում է. Տեղեկություն է տարածվել, որ ամառային զորակոչի կազմակերպման գործընթացին ծանոթանալու նպատակով հուլիսի 23-ին ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան է այցելել Հայաստանում ԱՄՆ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Սքոթ Մաքսվելը: Զորակոչի անցկացման պատասխանատուների ուղեկցությամբ գնդապետ Մաքսվելը ծանոթացել է հավաքակայանում նորակոչիկների ընդունման, գրանցման, բժշկական զննության, COVID-19 թեստավորման, վիճակահանության, սննդի և կեցության ապահովման պայմաններին:
Հայաստանում ԱՄՆ դեսպանության ռազմական կցորդի այցը տեղի է ունենում Տավուշում հայկական զինուժի միջազգային հնչեղություն ստացած պատժիչ գործողությունից հետո, այդպիսով արտացոլելով գործողության արդյունքի ճանաչումը: ԱՄՆ փաստացի ճանաչում է այդ արդյունքը, որը Հայաստանի վարչապետի ելույթում գնահատվեց «հուլիսյան հաղթանակ»:
Հուլիսի 7-ին Հայաստանի պաշտպանության նախարարություն էր այցելել Հայաստանում ԱՄՆ դեսպանը, որը նախարար Տոնոյանի հետ քննարկել էր թե հայ-ամերիկյան անվտանգային գործակցության հարցեր, թե միջազգային ու ռեգիոնալ անվտանգությանն առնչվող խնդիրներ:
Դրանից երկու օր անց՝ հուլիսի 9-ին նախարարություն էր այցելել արդեն Հայաստանում Չինաստանի դեսպանը, դարձյալ քննարկելով թե երկկողմ, թե ռեգիոնալ նշանակության անվտանգային հարցեր: