Հուշարձաններ ոչնչացնող Ադրբեջանը ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ է անում «փրկել» Կոնդը. «Գեղարդ» հիմնադրամ
КультураՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իր ագրեսիվ ու ծավալապաշտական, հակահայկական օրակարգի շրջանակում Ադրբեջանը շարունակում է կեղծ տեղեկատվական ու քարոզչական արշավը։ Այս մասին հայտարարություն է տարածել «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը՝ նկատելով, որ տարիներ շարունակ ջանք ու ռեսուրս չխնայելով՝ հարևան երկիրը փորձում է ավելի քան 2800-ամյա Երևանը ներկայացնել ադրբեջանական։
«Ադրբեջանի հերթական թիրախը Երևանի Կոնդ հնագույն թաղամասն է: Կոնդը, որն իր անվանումը ստացել է բարձր դիրքի շնորհիվ, պարսից տիրապետության ժամանակ վերանվանվել է «թափաբաշ» (բլուրի գլուխ)։ Թաղամասի հնագույն հուշարձաններից է 7-րդ դարում հիմնադրված Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, որն ավերվել է 1679 թվականի երկրաշարժի ժամանակ և վերականգնվել 1710 թվականին։
Կոնդ թաղամասի անունը ադրբեջանցիները շրջանառում են վերափոխված «թեփեբաշի» տարբերակով։ Ադրբեջանի՝ նման քարոզարշավը նոր երևույթ չէ. դեռևս 2022թ․ հուլիսի 7-ին ադրբեջանցի «մշակութային ու հասարակական գործիչները» դիմել էին Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին՝ Երևանում «ադրբեջանական պատմամշակութային ժառանգության ոչնչացումը» կանխելու կոչով։
2024թ․ մայիսի 7-ին Ադրբեջանն, այս անգամ հասարակական կազմակերպությունների անունից, կրկին դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին՝ Կոնդի պահպանմանն ուղղված կոչով։ Ստորագրողների թվում են, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի համայնք», «Իրևանի մշակութային ժառանգության քարոզչություն», «Զանգեզուր միություն» և հասարակական այլ կազմակերպություններ, որոնց անուններն արդեն իսկ բացահայտորեն արտացոլում են իրենց օրակարգն ու գործունեության նպատակը։
Մի կողմ թողնելով Կոնդի՝ ադրբեջանական չլինելու փաստը՝ այս հայտարարությունը պարադոքսալ է՝ հաշվի առնելով Նախիջևանում, Արցախում և այլ վայրերում հայկական պատմամշակութային արժեքների բացահայտ թիրախավորման Ադրբեջանի քաղաքականությունը և փաստագրված ոչնչացումները։
Ավելին՝ հայտարարության մեջ Ադրբեջանը նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ երկխոսության և փոխգործակցության պատրաստակամություն է հայտնում՝ Հայաստանում «ադրբեջանական մշակութային ժառանգության ոչնչացումը» կանխելու նպատակով, ինչպես նաև կոչ անում՝ «փաստահավաք առաքելություն ուղարկել Երևան․․․»։ Նման կոչը հեգնական է ու հերթական պարադոքսը․ ՅՈՒՆԵՍԿՕ-ն 2020 թվականին անկախ տեխնիկական առաքելություն ստեղծելու պատրաստակամություն էր հայտնել՝ գնահատելու Արցախում մշակութային արժեքների կարգավիճակը։ Ադրբեջանը, սակայն, խոչընդոտել էր առաքելության մուտքն Արցախ՝ մարտահրավեր նետելով միջազգային կառույցներին ու նրանց գործունեությանը՝ ընդգծելով նաև Արցախում հայկական ժառանգության ոչնչացումը հաստատող փաստերը քողարկելու իր փորձերը:
Այսպիսով՝ Երևանի Կոնդ թաղամասի «ադրբեջանականացման» քարոզարշավն Ադրբեջանի ավելի լայն քաղաքական օրակարգի բացահայտ դրսևորումն է՝ ուղղված պատմությունը խեղաթյուրելուն ու Հայաստանի տարածքների նկատմամբ իր հավակնությունները ներկայացնելուն։ Միջազգային հանրության կողմից համապատասխան քայլեր չձեռնարկելու պայմաններում հայկական պատմամշակութային արժեքների ոչնչացումը տագնապալի մասշտաբների է հասել․ գրավված Արցախում այսօր առնվազն 1456 հայկական պատմամշակութային հուշարձան գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ»,- ասված է հայտարարության մեջ: