Ռաֆահի հարձակումը կհանգեցնի շատ զոհերի. կապ չունի՝ Իսրայելն ինչ է ասում. Բորել
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելի հարձակումը Ռաֆահի վրա, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի ավելի շատ խաղաղ բնակիչների սպանության, և այն իրականացվում է, չնայած դրա դեմ Եվրամիության անդամ երկրների և Միացյալ Նահանգների բացահայտ նախազգուշացումներին, ասել է ԵՄ արտաքին դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը: Այս մասին գրում է timesofisrael.com-ը:
«Ռաֆահի հարձակումը նորից սկսվեց՝ չնայած միջազգային հանրության, ԱՄՆ-ի, Եվրամիության անդամ երկրների բոլոր խնդրանքներին: Բոլորը խնդրում են Իսրայելի վարչապետ Նեթանյահուին չհարձակվել: Վախենում եմ, որ սա կրկին շատ զոհերի, քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի պատճառ կդառնա։ Կապ չունի՝ Իսրայելն ինչ է ասում. Գազայում անվտանգ գոտիներ չկան»,- լրագրողներին ասել է Բորելը։
Իսրայելական բանակը սկսել է օդային հարվածներ հասցնել Ռաֆահին մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ նա քաղաքի արևելյան հատվածի բնակիչներին տարհանելու կոչ է արել։ Այս մասին առաջինը հայտնել է AFP-ն՝ վկայակոչելով քաղաքում իր թղթակցին: Գործակալության տվյալներով՝ իսրայելական հարվածները շարունակվել են մոտ կես ժամ գրեթե անդադար։ Շուտով իսրայելական բանակը հաստատել է հարվածները քաղաքին:
«Իսրայելական պաշտպանության բանակը ներկայումս թիրախային հարվածներ է հասցնում ՀԱՄԱՍ-ի ահաբեկչական օբյեկտներին Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահի արևելյան հատվածում», - ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի թելեգրամյան ալիքում:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի մամուլի ծառայությունը նույնպես հայտնել է, որ երկրի ռազմական կաբինետը որոշել է շարունակել Ռաֆահում նախատեսված ռազմական գործողությունը։ X սոցիալական ցանցում հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է, որ գործողությունը նպատակ ունի ռազմական ճնշում գործադրել ՀԱՄԱՍ-ի վրա՝ արագացնելու պատանդների ազատ արձակումը և պատերազմի մյուս նպատակներին հասնելու համար: