Զբոսաշրջիկների թիվը 3%-ով պակասել է
Общество2023թ.-ի մարտ ամսվա համեմատությամբ այս տարվա զբոսաշրջիկների թիվը 3%-ով պակասել է։ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն օրերս հաստատել էր, որ ժամանած մեկ տուրիստի հաշվարկով կատարվող ծախսերն ավելի քիչ են, քան անցած տարի։
ԿԲ նախագահը պնդում է, թե արտաքին պահանջարկն ավելի մեղմ է, քան ունեցել ենք 2023 թվականին։ Իրականում զբոսաշրջիկների թվի նվազումն, ինչպես նաև կատարվող ծախսերի շատ ավելի մեծ նվազումը կապված է Հայաստանի գործող իշխանությունների քաղաքականության հետ, և առաջին հերթին` հայաստանյան բանկերի կողմից «Միր» քարտերի սպասարկումը դադարեցնելու որոշման հետ։
Այս պահին, Հայաստանում միայն ՎՏԲ Հայաստան բանկն է սպասարկում այդ քարտերը, սակայն բավարար բանկոմատներ և ենթակառուցվածքներ չունի, դրանց լիակատար սպասարկումն ապահովելու համար։ Արդյունքում, հատկապես Ռուսաստանում տարածված տեղեկությունների պատճառով, ռուս զբոսաշրջիկները նախկին եռանդով և ոգևորությամբ չեն շտապում Հայաստան` իրենց տոները նշելու։ Հյուրանոցային և ռեստորանային բիզնեսի տարբեր ներկայացուցիչների հետ մեր զրույցները վկայում են, որ զբոսաշրջիկների թիվը նվազում է նաև այս օրերին, հատկապես հիմա, երբ մայիսյան տոներն են և ռուսները նախընտրում են դրանք անցկացնել Եվրոպայում:
Նախորդ տարիների մայիսի առաջին երկու շաբաթներին, հյուրանոցներում որևէ ազատ տեղ չէր լինում, իսկ ռեստորաններում մեծամասամբ ռուսներ էին։ Այժմ լրիվ հակառակ պատկերն է։
Աստղիկ Եգանյան