Մայիսյան հաղթանակները մեր ազգային դիմագծի ձևավորման առանցքային իրադարձություններից են․ Ավինյան
Ոգեշնչվելով իրենց պապերի ու հայրերի սխրանքներից՝ հայ մարտիկներն ազատագրեցին հայոց բերդաքաղաք Շուշին՝ բեկում մտցնելով արցախյան ազատամարտում ու երաշխավորելով մեր ժողովրդի կյանքի իրավունքը և սեփական հողում ազատ արարելու հնարավորությունը: Այս մասին ասել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ մայիսյան եռատոնի առիթով իր ուղերձում:
«Շնորհավորում եմ բոլորիս մայիսի 9-ի՝ Հաղթանակի ու խաղաղության տոնի կապակցությամբ: Մայիսն իրապես մեր հաղթանակների ամիսն է. հաղթանակներ, որոնք հայ ժողովուրդը տարել է խաղաղություն հաստատելու, զարգացման պայմաններ ստեղծելու և պատմական արդարությունը վերականգնելու համար: Ավելի քան յոթ տասնամյակ առաջ շուրջ 600 հազար մեր հայրենակիցներ մասնակցեցին այլատյացության ու ատելության խավարից աշխարհը փրկելու պայքարին: Շատերն իրենց կյանքը զոհեցին՝ հանուն մարդու ազատության և արժանապատվության իրավունքի պահպանման և քաղաքակրթական առաջընթացի»,-նշել է Ավինյանը:
Փոխվարչապետը նկատել է՝ պատմական զուգադիպությամբ նացիզմի վարակից ազատվելուց գրեթե կես դար անց նույն օրը մի այլ փառավոր հաղթանակ պիտի տոնեինք: «Ոգեշնչվելով իրենց պապերի ու հայրերի սխրանքներից՝ մեր մարտիկներն ազատագրեցին հայոց բերդաքաղաք Շուշին՝ բեկում մտցնելով արցախյան ազատամարտում ու երաշխավորելով մեր ժողովրդի կյանքի իրավունքը և սեփական հողում ազատ արարելու հնարավորությունը: Մայիսյան հաղթանակները մեր պատմության հերոսական էջերից և ազգային դիմագծի ձևավորման առանցքային իրադարձություններից են: Դրանք ապացուցել են մեր ժողովրդի կենսունակությունը, պայքարելու ու հաղթելու կարողությունը, ապահովել են հայոց պետականության կայացումը և հետագա զարգացումը»,-ասել է Ավինյանը:
Նա հատկապես շնորհավորել և շնորհակալություն է հայտնել վետերաններին ու ազատամարտիկներին՝ խոնարհվելով հաղթանակները կերտելու գործին իրենց կյանքը զոհած հերոսների հիշատակի առջև: Փոխվարչապետը շեշտել է՝ նրանց սխրագործությունները, անձնազոհությունն ու նվիրումը հայրենիքին երբեք չեն մոռացվի:
Ավինյանը նաև հիշեցրել է՝ մայիսյան այս օրերին անցնում ենք հերթական փորձության միջով՝ պայքար մղելով կորոնավիրուսի համավարակի դեմ: «Եվ այժմ մտել ենք մի փուլ, երբ մեզանից յուրաքանչյուրի անձնական բարձր պատասխանատվությունը, կարգապահությունը և գիտակցությունն առավել քան կարևոր են հաջողության հասնելու համար:Համոզված եմ, որ հերթական անգամ կդրսևորվի դժվարին ու վտանգավոր պահերին համախմբված ու համերաշխ լինելու մեր հատկանիշը, իսկ մայիսյան հաղթանակների խորհուրդը ուղենիշ կլինի գալիք ձեռքբերումների համար»,-եզրափակել է նա: