Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակներում ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություններ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ թմրամիջոցի ներթափանցման մասին։
Այս մասին հայտնել են ՀՀ քրեակատարողական ծառայությունից։
Իրացնելով ստացված տեղեկությունները՝ նշված տարածքային բաժնի ծառայողները «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ համատեղ ապրիլի 8-ին՝ ժամը 11։40-ի սահմաններում, զննության են ենթարկել քաղաքացուհի Ս․Ն․-ի կողմից դատապարտյալ Է․Տ․-ի անվամբ տարված հանձնուքը։
Հանձնուքում առկա սրբիչների վրա ծառայողները հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող, սպիտակ, փոշենման զանգված։
Ծագած հիմնավոր կասկածանքի հիմքով քաղաքացուհի Ս․Ն․-ն ձերբակալվել է օպերատիվ ծառայողների կողմից և ենթարկվել անձնական խուզարկության, ինչի արդյունքում կնոջ մոտ գտնված օծանելիքի տուփից հայտնաբերվել են աննախադեպ քանակի՝ 180 հատ առանձնացված փաթեթներ, որոնցում առկա են եղել առանձնապես խոշոր չափի՝ 146,07 գրամ քաշով, հերոին տեսակի թմրամիջոցին նմանվող զանգվածներ։
Քաղաքացուհի Ս․Ն․-ն հայտնաբերվածների հետ միասին ներկայացվել է ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։