ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Հրազդան քաղաքի բնակիչ 34-ամյա երիտասարդը մոտը և իր կողմից շահագործվող «Մերսեդեսում» հրազեն է պահում: Ստացված տեղեկություններն իրացնելով ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների հետ՝ նրանք ապրիլի 5-ին, կեսգիշերն անց, Ծաղկաձոր քաղաքի խաղատներից մեկում երիտասարդին հայտնաբերել, ձերբակալել և, «Մերսեդեսով» հանդերձ, տեղափոխել են Հրազդանի բաժին:
Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ: Դատարանի որոշմամբ խուզարկություն է կատարվել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայում: Հետևի նստելատեղին դրված պայուսակում հայտնաբերվել են ինքնաձիգ և լիցքավորված երեք պահեստատուփ, որոնցից մեկը տեղադրված էր ինքնաձիգին:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: