«Ողբալի պատկեր. միջինացնելով ու թվեր բազմապատկելով՝ հարց չի լուծվում». «Փաստ»
Пресса«Փաստ» օրաթերթը գրում է.
«Եթե հավատանք պաշտոնական տեղեկատվությանը, գնաճը կազմել է 1,5 տոկոս: Հավատը եկեղեցում է, հավատով չենք առաջնորդվում: Չեմ վստահում այդ թվերին, որովհետև իրական կյանքն այլ բան է ցույց տալիս»,-«Փաստի» հետ զրույցում ասում է «Սպառողների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Արմեն Պողոսյանը՝ անդրադառնալով Հայաստանում առկա գնաճին և հրապարակված պաշտոնական թվերին: Ընդգծում է՝ տարբեր հետազոտություններով ու վիճակագրական տվյալներով, մեր երկրում գնաճը 10 տոկոսի շրջանակում է, իսկ առաջին անհրաժեշտության ապրանքների պարագայում՝ 15 տոկոսի: Պարոն Պողոսյանը հիշեցնում է միջազգային մեթոդիկայի մասին, երբ վերցնում են 470 անուն ապրանք և դրանց շրջանակում որոշում գնաճը կամ գնանկումը:
«Հաշվարկներ են անում, միջինացնում, ստացվում է մի թիվ, որը մեզ ոչինչ չի տալիս: Արևմտյան երկրների պարագայում սա կարող է որոշիչ թիվ լինել, բայց ոչ մեր պարագայում: Ես բազմիցս խոսել եմ այն մասին, որ այդ ապրանքների ցանկում ընդգրկում են այնպիսիները, որոնք մարդիկ իրենց կյանքում խիստ հազվադեպ են գնում կամ երբեք չեն գնում: Բայց մենք հաշվարկներ անելիս պետք է առանձնացնենք այն ապրանքներն ու ծառայությունները, որոնք մարդու համար առաջին անհրաժեշտության ու կարևորության են: Այդ պարագայում թվերի տեսանկյունից լրիվ այլ պատկեր կստանանք: Մյուս կողմից՝ գոյություն ունի սպառողական զամբյուղ ասվածը, որն ամրագրված է նաև օրենսդրության մեջ: Միջին աշխատավարձը կամ թոշակը թող համեմատեն սպառողական զամբյուղի հետ, այդ դեպքում պատկերը ողբալի կստացվի: Մեր երկրում, բացի որոշակի խավից, շատ քիչ մարդ կա, որ, օրինակ՝ ամսական 300 հազար դրամ եկամուտ ունենա: Եթե անգամ նման եկամուտ ստանա, բայց այն բաժանես նրա ընտանիքի անդամների միջև, կստացվի մի թիվ, որով հնարավոր չէ բավարարել նվազագույն պահանջները: Թմբկահարվում են նվազագույն կամ միջին աշխատավարձի, առհասարակ եկամուտների ավելացման թվերը, բայց պարզ թվաբանական հաշվարկների պարագայում հասկանում ենք՝ երբ ավելացված գումարը բաժանվում է ընտանիքի իքս թվով անդամների հաշվով, ողբալի թիվ է ստացվում»,-նշում է մեր զրուցակիցը:
Հավելում է՝ երկու տեսակ սպառողական զամբյուղ կա՝ սպառողական զամբյուղ և նվազագույն սպառողական զամբյուղ: «Մեր երկրում սրանց ցուցանիշները պետք է առանձին-առանձին հաշվարկեն, սակայն մեկը հաշվարկում են, բազմապատկում մի գործակցով և արդյունքում ստանում են սպառողական զամբյուղի ցուցանիշները: Բայց միջինացնելով ու թվեր բազմապատկելով՝ հարց չի լուծվում, դա պատկեր է, որը պետք է ցուցադրի մեր վճարունակությունը, ապրուստի մակարդակը»,-հավելում է նա:
Պողոսյանն իր դիտարկումներն է ներկայացնում գնաճի մասով: «Առաջ գոյություն ուներ մի օրինաչափություն՝ ընտրություններից առաջ գնաճը զսպվում էր, ընտրությունից հետո նոր թռիչք էր ունենում: Հիմա պատկերը փոխվել է: Մեր երկրում բավականին մեծ թիվ են կազմում արտերկրից եկած և նաև Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները, սա ևս նպաստում է պատկերի փոփոխմանը: Հիմա նաև ցույց են տալիս, որ տնտեսական աճ ունենք, բայց դրա մեջ մեր տնտեսության նվաճումը չկա, օտար, մեզանից չկախված հանգամանքներով են պայմանավորված տնտեսական բարվոք ցուցանիշները: Երբ ասում են ՀՆԱ-ի 12 տոկոս աճ, դա հեքիաթ է: Եթե դա իրոք լիներ, մեզ մոտ դրախտ կլիներ, եթե անգամ նման լավ ցուցանիշներ կան, ապա դրանք պայմանավորված են արտաքին ազդակներով»,-ընդգծում է ՀԿ-ի նախագահը:
Նրա խոսքով, մեր արձանագրված «արդյունքը» չենք կարողանում կապիտալիզացնել: «Բերքը տոննաներով մնում է դաշտերում ու այգիներում: Գյուղացին երկրի համար ամենամեծ արժեքն է, ինչ-որ իմաստով սահմանապահ է: Պետությունը չի կարողանում մթերում կազմակերպել: Իսկ եթե գյուղացին չշարունակի ապրել ու արարել իր համայնքում, ի՞նչ է լինելու: Գյուղեր ունենք, որտեղ մի քանի հարյուր տնից մնացել է լավագույն դեպքում մի քանի տասնյակի հասնող տուն, այն էլ՝ մի քանի տարեցներ են բնակվում: Եթե ամփոփելու լինենք, տնտեսագիտական միտքը մեր երկրում, մեղմ ասած, կաղում է: Արևմտյան երկրներում վաղուց արդեն տնտեսագիտորեն և իրական կյանքում ապահովված են բոլոր շղթաները, որոնք պետության ներսում մարդկանց ու կառույցները կապում են իրար»,-եզրափակում է Արմեն Պողոսյանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում