«Կարծում եմ՝ մասնագիտական գործունեության հետ է կապված». գողացել են 24News-ի տնօրեն Նարեկ Գալստյանի համակարգիչը
ОбществоԳողացել են լրագրող, 24News-ի տնօրեն Նարեկ Գալստյանի համակարգիչը.
«Մեքենաս կայանված է եղել Սարյան փողոցում՝ Նոր Հալեպ ռեստորանի դիմաց ժամը 19:00-ից մինչև 21:00, հետո՝ 21:15-ից մինչև 23:00 Տերյան փողոց՝ Նիկոլ Աղբալյան դպրոցի մոտ: Սարյանում երբ կայանել եմ, համակարգիչս իր պայուսակով եղել է մեքենայի մեջ: Այսինքն, տարել են այս ընթացքում, դուռը բացել են առանց մեքենան վնասելու: Իսկ դա հնարավոր է, եթե որսում են մեքենայի բանալիի հաճախականությունը: Մեքենայից որևիցե այլ բան չեն տարել: Հիմա ոստիկանությունում հաղորդում եմ տալիս, բայց առնվազն տարօրինակ է, որ Կենտրոնում՝ այսքան կամերաների առկայության դեպքում, նման բան է տեղի ունենում: Հետևությունները հստակ են, իմ կարծիքով պատահական չի այս ամենը: Մնացյալը՝ տեսնենք»,- ֆեյսբուքյան իր էջում ահազանգում է լրագրողը:
Գալստյանից տեղեկացանք, որ Ոստիկանությունն այս պահին բավականին ակտիվ աշխատանքներ է տանում համակարգիչը հայտնաբերելու ուղղությամբ։
«Ես, ընդհանրապես, կասկածում եմ, որ սա մասնագիտական գործունեության հետ կապված հարց է, որովհետև մեքենան բացվել է առանց վնասվելու, բայց չեմ ուզում վստահ հետևություններ անել, ավելի լավ է սպասենք, տեսնենք՝ ինչ է կատարվում»,- 1or.am-ի հետ զրույցում նշեց վերջինս։
Փորձեցինք որոշ մանրամասներ ճշտել ՆԳՆ-ից, սակայն մեր բոլոր ջանքերն ապարդյուն անցան: