Սպանություն Գյումրիում՝ ցայտաղբյուրի մոտ շան միզելու պատճառով․ տուժողի ձերբակալված հարևանին մեղադրանք է ներկայացվել
ПравоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
2024 թվականի մարտի 13-ին՝ ժամը 18:58-ին, Գյումրու շտապօգնությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ կանչով Գյումրի քաղաքի Տիմիրազև փողոց մեկնած խումբը հայտնաբերել է տղամարդու դի՝ կտրած-ծակած վնասվածքներով:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական- օպերատիվ խումբը և ձեռնարկել քննչական և օպերատիվ անհրաժեշտ միջոցառումներ:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով:
Իրականացված միջոցառումներով պարզվել են դեպքի էական հանգամանքներ, այդ թվում՝ վնասվածքներ ստացած անձի ինքնությունը, ով նույն փողոցի բնակիչ է՝ ծնված 1963 թվականին, ինչպես նաև շարժառիթը և ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ Վերջինս տուժողի 47-ամյա հարևանն է:
Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական և վարութային գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել է արնանման նյութի հետքեր, հանցագործության գործիք հանդիսացող դանակը, վերցվել են դեպքի վայրում առկա տեսագրող սարքերի տեսագրությունները և ենթարկվել զննության, կատարվել են առգրավումներ և նմուշառումներ, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, օպերատիվ հանձնարարություն է տրվել Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը՝ քննությանը հետաքրքրող հանգամանքների պարզաբանման նկատառումներով։
Քննությամբ պարզվել է, որ նշված հարևանը և տուժողը վերջին շրջանում լարված փոխհարաբերություններ են ունեցել՝ վերջինիս շան պատճառով, քանի որ շունը մշտապես միզել է 47-ամյա հարևանի բակում գտնվող ցայտաղբյուրի մոտ: Դեպքի օրը, երբ 47-ամյա տղամարդը կրկին նկատել է շանը ցայտաղբյուրի մոտ, կրկին վիճաբանություն է առաջացել հարևանների միջև, որի ընթացքում տուժողը հարվածներ է հասցրել 47-ամյա հարևանին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Այնուհետև վերջինս, իր տանից վերցնելով դանակ, գնացել է տուժողի տան բակ, որտեղ դարձյալ վիճաբանել են, որի ընթացքում դանակով հարվածներ է հասցրել հարևանի մարմնի տարբեր մասերին ու նետելով դանակը՝ դիմել փախուստի:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ենթադրյալ հանցագործություն կատարած 47-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է: Նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ի մասով նախատեսված հանցագործությունն առերևույթ կատարելու համար։
Դատարան միջնորդություն է ներկայացվել վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։
Հարցաքննության ընթացքում վերջինս հաղորդում է ներկայացրել՝ տուժողի կողմից դեպքից առաջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ իրեն մարմնական վնասվածքներ հասցնելու վերաբերյալ:
Դեպքի բոլոր հանգամանքներն անաչառ և համակողմանիորեն պարզելուն ուղղված քննչական և ապացուցողական գործողությունները շարունակվում են:
Ծանուցում.Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Առավել մանրամասն` այստեղ.