Ի՞նչն է եղել 17-ամյա ուսանողի դանակահարության պատճառը. նոր մանրամասներ
ОбществоԱյսօր՝ ժամը 13-ի սահմաններում ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մամիկոնյանց փողոցում գործող Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել, կա դանակահարված անձ: Կարճ ժամանակ անց հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Արաբկիրի բաժին, որ նշված վայրից իրենց մոտ տեղափոխված անչափահաս տղան, գիտակցության չգալով, մահացել է:
Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ և բաժնի պետի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ:
1or.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ պատանու հետ վիճաբանողները տարիներ առաջ սպանված «Տույ» մականվամբ հայտնի քրեական հեղինակության շրջապատից են.
«Խելոք, սովորող երեխա էր, օրեր առաջ վիճել են, հայհոյել, նա էլ ի պատասխան ապտակել է ու եկել այսօր դասամիջոցին նորից վիճաբանել, մի քանի տեղից դանակահարել, պատժել են»,- խոսում են քոլեջում:
Դեպքի հանգամանքները ճշտելու նպատակով կապ հաստատեցինք ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանի հետ, ով հայտնեց, որ նախնական դրդապատճառները հայտնի չեն.
«Այս պահին քննչական ակտիվ գործողություններ են կատարվում: Ավելի ուշ՝ որոշակի հանգամանքներ ի հայտ գալու դեպքում և տեղեկատվությունն ամբողջացնելուց հետո մենք հանրությանը կտեղեկացնենք: Այս պահին ավելին ասել չեմ կարող»,- եզրափակեց խոսնակը:
Աննա Սարգսյան
Առավել մանրամասն` այստեղ.