«Հայրենիք» կուսակցությունը միջազգային հանրությունից ակնկալում է կոշտ գնահատականներ
ПолитикаՀայաստանի պետական սահմանին տեղի ունեցած ադրբեջանական հերթական սադրանքին ի պատասխան «Հայրենիք» կուսակցության խորհուրդը կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանի գլխավորությամբ տարածել է հայտարարություն, որով դատապարտում է հուլիսի 12-ին Ադրբեջանի սադրիչ ռազմական գործողությունները, որոնք տեղի են ունեցել հայ-ադրբեջանական սահմանի՝ Տավուշի հատվածում։
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է՝
«ՀՀ զինված ուժերի զինծառայողների աչալուրջ հսկողության և սաստող պատասխանի արդյունքում հակառակորդը, զգալի կորուստներ կրելով` հետ է շպրտվել։
Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը, ոգևորվելով այն մթնոլորտից, որ իր սանձարձակ հակահայկական վարքագիծը չի արժանանում միջազգային կառույցների համարժեք գնահատականին, ուժի կիրառման սպառնալիքից անցել է ուժի ուղղակի կիրառման ՀՀ-ի դեմ:
Խստորեն դատապարտելով Ադրբեջանի սադրիչ պահվածքն ու տարածաշրջանում ռազմական լարվածության աճի անթաքույց դրսևորումները` միջազգային հանրությունից ակնկալում ենք կոշտ և հասցեական գնահատականներ։ Ադրբեջանի նման գործելաոճը ևս մեկ անգամ ապացուցում է, որ հակառակորդի հետ երկխոսության ամենաքաղաքակիրթ եղանակը հայկական զինված ուժերի ասիմետրիկ և խաղաղություն պարտադրող պատասխանն է։ Այդ առաքելությունն այսօր պատվով են իրականացնում ՀՀ և Արցախի զինված ուժերը` անառիկ պահելով մեր հայրենիքի սահմանները»: