Տարածքը ժամանակին ադրբեջանական է եղել, դրա համար էլ գրված է, որ անկլավ է. «Վիքիմեդիա Հայաստանը»՝ գյուղերի մասին հոդվածները խմբագրելու մասին
ПолитикаՆախորդ շաբաթ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ի հետ հանդիպման ընթացքում խոսել էր այն չորս գյուղերի մասին, որոնք Ադրբեջանն առաջնահերթ պահանջում է հանձնել իրեն։ Այդ հարցով նաև Մյունխենում էր քննարկում եղել։ Փաշինյանը թիմակիցների հետ խոսելիս շեշտել էր, որ դրանց մեջ Տիգրանաշենը չի մտնում, բոլորն էլ Տավուշի մարզում են։ Այսպիսով՝ խոսքը հետևյալ չորս գյուղերի մասին է՝ Բաղանիս-Այրում, Ներքին Ոսկեպար, Խեյրիմլի և Կըզըլ Հաջիլի:
Համացանցում այս թեման լայն քննարկման առարկա է դարձել: Մասնավորապես, Մարիետա Խաչատրյանի ֆեյսբուքյան էջում կարդում ենք.
«Չալարեցի՝ մտա Վիքիպեդիա, որոնեցի այն չորս գյուղերը, որպեսզի դուք պատկերացում կազմեք, թե ինչ է ուզում Ադրբեջանը: Եվ, ով զարմանք, այդ գյուղերի մասին հոդվածները խմբագրվել էին մի քանի օր առաջ և այս գրությունն ունեին. «Այս էջը վերջին անգամ փոփոխվել է 1 Մարտի 2024-ի ժամը 16:20-ին»: Բնականաբար, նախկին տեքստերը չկային, իսկ Վիքիպեդիայի հայկական տարածքի նոր տեքստերը ոնց որ ադրբեջանցիք գրած լինեին, անգամ անունների ադրբեջաներեն տարբերակ կար նշված: Այ քեզ բան: Եվ ուրեմն՝ բոլոր այն գյուղերի մասին գրառումները, որոնք ուզում է Ադրբեջանը, Վիքիպեդիայի հայկական տարածքում արդեն պիտի որ մեկ հրահանգով փոխված լինեն: Որոնեք Վարդենիսի այն գյուղերը նաև, որոնց վերադարձնելու մասին բամբասանքներ և վախեր կան: Հետևությունները թողնում եմ ձեզ…»:
Հայերեն վիքիպեդիայում փնտրեցինք Վերին Ոսկեպարի վերաբերյալ հոդվածը, որը, ըստ կայքի տվյալների, վերջին անգամ փոփոխության է ենթարկվել երեկ՝ մարտի 10-ին:
Հոդվածի խմբագրման պատմության մեջ կարելի է տեսնել, որ այն կայքում ստեղծել է ոմն «GeoO» օգտատեր՝ 2018 թվականի փետրվարի 2-ին: Դրանից հետո հոդվածը պարբերաբար փոփոխությունների է ենթարկվել, որոնք հիմնականում ձևական են, ոչ թե իմաստային:
Ամենաթարմ խմբագրումներից մեկի արդյունքում հոդվածից հանվել է հետևյալ հատվածը՝
Մեկնաբանություն ստանալու նպատակով 1or.am-ը կապ հաստատեց «Վիքիմեդիա Հայաստանի» հետ.
«Ո՞վ է ասում՝ ադրբեջանական է, ադրբեջանցիք են հեղինակը: Խնդրում եմ՝ բացեք, նորից թերթեք պատմությունը: «ԱշոտՏՆՂ» օգտատերը չի կարող ադրբեջանցի լինել, մեր նախագծի ադմիններից է, «Gardmanahay»-նույնպես ադրբեջանցի չէ, հակառակ դեպքում՝ «գարդմանաադրբեջանցի» կլիներ: «Galust Igityan»-ն էլ իգիթական ազգանուն է, նրան էլ բացառենք ադրբեջանցիների շարքից: Իջնում ենք ավելի ներքև, «GeoO» մասնակիցն է հոդվածի ստեղծողը, որը, վստահեցնում եմ, էլի հայ է:
Հիմա, այստեղ ո՞վ է ադրբեջանցի, որ ասում են՝ ադրբեջանցիները մտել են, ինչ-որ գործողություններ են կատարել: Ասելը հեշտ է, միանգամից մեղքը գցում են, քաշվում մի կողմ: Իսկ Վիքիպեդիան կամավորական տարածք է, խմբագրումները կամավոր կերպով են անում, ոչ մեկը չի վերահսկում: Հիմա դուք էլ կարող եք գրանցվել, ինչ-որ փոփոխություններ անել. միակ նախապայմանը աղբյուր վկայակոչելն է»:
Հարցին, թե ինչու են հոդվածում նաև գյուղերի ադրբեջանական անվանումները նշված, մեր զրուցակիցը պատասխանեց.
«Տարածքը ժամանակին ադրբեջանական է եղել, չենք կարող մերժել: Նման բան եղել է, դրա համար էլ գրված է, որ անկլավ է: Իսկ քանի որ ադրբեջանական անկլավ է, ու այդ փաստը միջազգայնորեն ընդունված է, դրա համար էլ վերևում նշված է նաև ադրբեջանական անվանումը: Նույն ձևով էլ ադրբեջանական տիրույթում հայկական անվանումն է նշված»,- եզրափակեց «Վիքիմեդիա Հայաստանի» ներկայացուցիչը:
Աննա Սարգսյան
Առավել մանրամասն` այստեղ.