ԵԺԿ մտնել ՔՊ-ին չի հաջողվել, փորձում են այլ տարբերակ. «Փաստ»
Пресса«Փաստ» օրաթերթը գրում է.
Մեր ունեցած տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ն երկար ժամանակ ջանք է գործադրել Եվրոպական միության ամենաազդեցիկ կուսակցությանը՝ Եվրոպական ժողովրդական կուսակցությանն (ԵԺԿ) անդամակցելու համար: Այս ուղղությամբ հատուկ աշխատանքներ էին տանում Ռուբեն Ռուբինյանը և Վլադիմիր Վարդանյանը՝ Ստրասբուրգում, և ԵՄ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը՝ Բրյուսելում: Մեր աղբյուրի փոխանցմամբ, ՔՊ-ին այդտեղ ձգում էր ոչ միայն այն փաստը, որ ԵԺԿ-ն իշխող որոշիչ ուժ է ԵՄ-ում, այլև ՀՀԿ-ի անդամակցությունը այդ եվրոպական քաղաքական ընտանիքին:
ՔՊ-ականները փորձել են փոխել սեփական կուսակցության ծրագիրը, սև արշավ էին սկսել Հանրապետականի դեմ Բրյուսելում, ջանքեր էին գործադրում անձնական հարաբերություններ կառուցել Եվրոպական խորհրդարանի ազդեցիկ պատգամավորների հետ: Սակայն այդ ջանքերը ոչ մի արդյունք չեն տվել, որովհետև, մեր տեղեկություններով, ՔՊ-ին հստակ ազդակ են տվել Բրյուսելից, որ Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը խաչ է քաշում ԵԺԿ-ին անդամակցելու քպական ծրագրերի վրա, առավել ևս, որ նույն ԵԺԿ-ն ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին մի քանի անգամ ճանաչել է քաղբանտարկյալ:
Եվ այստեղ, մեզ հասած տեղեկություններով, օգնության ձեռք է մեկնել Ֆրանսիայի նախագահը, որի կուսակցությունը մեկ այլ եվրոպական քաղաքական ընտանիքի՝ լիբերալ-դեմոկրատներին միավորող Renew Europe (նախկին ALDE) միավորման ամենաազդեցիկ անդամն է: Մակրոնը խոստացել է Փաշինյանին՝ լոբբինգ անել ՔՊ-ի անդամակցության հարցը հենց այս եվրոպական կառույցում: Սակայն ամեն ինչ այդքան էլ միանշանակ չէ. կհաջողվի՞, արդյոք, ՔՊ-ին հասնել այդ նպատակին, կախված է նաև Հայաստանից Renew Europe-ին արդեն անդամակցող ՀԱԿ-ից և «Լուսավոր Հայաստանից»: Թե որքանով նրանք կհամաձայնեն աջակցել կամ չխանգարել ՔՊ-ին, կերևա ապագայում:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում