Խոշտանգել ու ծեծել են հադրութեցի տարեց տղամարդուն, որդուն՝ տանջամահ արել ու հուղարկավորել գյուղում
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
2020 թվականին Հադրութից բռնի տեղահանված Ղարախանյանների ընտանիքում, ադրբեջանցիների կողմից կատարված ռազմական հանցագործությունների վերքերը առ այսօր չեն բուժվում։ Մարինե Ղարախանյանը MediaHub-ին պատմում է, որ 70-ամյա հայրը՝ Ալեքսանդր Ղարախանյանն ու եղբայրը՝ 44-ամյա Արսենը դարձել են ադրբեջանցիների վայրագության զոհը։
«44-օրյա պատերազմի ժամանակ, երբ Հադրութը սկսվեց տարհանվել, եղբայրս՝ Արսենը հոկտեմբերի 7-ին մեզ բերեց Տող գյուղ, մենք այնտեղից եկանք Ստեփանակերտ։ Ինքը հետ էր գնացել, որ պապիկին ու նաև մեր անձնական իրերը բերի։ Գնացել ու այդպես էլ չի եկել։ Մինչև հոկտեմբերի 10-ը՝ Հադրութի անկումը, ինքը զանգել է մեզ, ասել, որ լավ են։ Քանի դեռ հրետակոծվում էին ճանապարհները, մնացել են մի քիչ հանդարտվի հետո դուրս գան։ Բայց հոկտեմբերի 10-ին Հադրութը գրավվել է, այնտեղ գտնվող զորքը հետ է քաշվել, մի քանի հոգի գերեվարվել են, նրանց հետ նաև հայրս ու եղբայրս»,- ասում է Զինաիդան։
Մարինեն օրեր շարունակ փնտրել է հորն ու եղբորը, բայց փնտրտուքներն արդյունք չեն տվել մինչև այն պահը, երբ ադրբեջանական տելեգրամյան ալիքներից մեկում հանդիպել է մի տեսանյութ, որտեղ թշնամիները զենքի սպառնալիքի տակ ստիպում են տարեց տղամարդուն համբուրել Ադրբեջանի դրոշը։ Մարինեն անմիջապես այդ տեսանյութը ներկայացրել է Կարմիր խաչին, վերջիններս սկսել են զբաղվել նրան հայկական կողմին փոխանցելու գործընթացով։
«Դեկտեմբերի 14-ին գերիների փոխանակման առաջին փուլով 44 գերիների հետ վերադարձավ հայրս, իսկ Արսենից ոչ մի լուր։ Նրանք այնտեղ պահվել են առանձին-առանձին։ Հորս առողջական վիճակն ու հոգեբանական ապրումներն աննկարագրելի վատ էին։ Ամբողջ մարմինը կապտած, խոշտանգման հետքերը թարմ, բազմաթիվ վնասվածքներ, մի խոսքով՝ անաստվածորեն ծեծի են ենթարկել»,- ասում է մեր զրուցակիցը։
Արդեն 2021 թվականի հունվարի 6-ին ադրբեջանցիները սկսեցին տարածել Արսենի մասնակցությամբ տեսանյութեր, որտեղ 44-ամյա տղամարդուն ստիպում են տեսախցիկների առաջ ասել «Ղարաբաղն Ադրբեջան է, Շուշին՝ Շուշա, Ստեփանակերտը՝ Խանքենդի»։ Հետո, դարձյալ զենքի սպառնալիքի տակ, տղամարդուն ստիպում, որ երգի։ Այդ ժամանակ Արցախի կորուսյալ տարածքներում փրկարարները շարունակում էին որոնողական աշխատանքները։ Մարինեն այս ամենը տեսնելով, դարձյալ դիմել է բոլոր կառույցներին, որ եղբորը վերադարձնեն։
«Մենք այլ ակնկալիք ունեինք։ Մտածում էի` ինչ վիճակում էլ լինի, կարևորը գա, վերդարձնեն։ Բայց հունվարի 18-ին փրկարարները Այգեստան գյուղում գտել են Արսենի դիակը՝ հուղարկավորված վիճակում։ Նրան տեղափոխել են Ստեփանակերտի դիահերձարան։ Մարմինն ամբողջական էր, բռնության հետքերը՝ աննկարագրելի, տանջամահ են արել։ Վնասվածքներ՝ գլխի, մեջքի ու ոտքերի շրջանում։ Ինչպես ասեմ, «սաղ» տեղ չի եղել»,- հիշում է նա։
Հունվարի 20-ին, իր ծննդյան օրն Արսենին հուղարկավորել են Ստեփանակերտում։ Գերությունից վերադառնալուց հետո, մեկ տարի անց մահացել է նաև Ալեքսանդր պապը։ Ավելի քան 2 ամիս գերության մեջ մնալով՝ նա առողջական լուրջ խնդիրներ էր ձեռք բերել։ Ղարախանյանների ընտանիքն այժմ հնարավորություն չունի այցելել հարազատների գերեզմաններին, 5 ամսից ավելի Արցախն օկուպացված է։
Հունան Թադևոսյան
Առավել մանրամասն` այստեղ.