Չորս տղաների գլուխն էլ կերան՝ լավ տղաներ էին
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Այն չորս տղաների գլուխն էլ կերան, լավ էլ տղաներ էին»,- մեզ հետ զրույցում անդրադառնալով փետրվարի 13-ին ադրբեջանցիների ռազմական ագրեսիայի հետեւանքով զոհված չորս հերոսներին՝ ասաց Սյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդի բնակիչ տիկին Հասմիկը։
«Տղաներից մեկին Ֆեդյա էինք ասում՝ Էդիկը, հենց դեպքի օրն ինքը եկավ մեր տուն, տղայիս ասեց` շուռուպ կարա՞ս տաս, աշխատանքներ էին անում դիրքում՝ ամրաշինական։ Տղաս էլ մեր տանը վերանորոգման աշխատանքներ էր անում, ասեց` հա, ու տվեց։ Ֆեդյան շուռուպները տարավ, որ դիրքում ամրաշինական աշխատանքներ անեին, ու դեռ խոստացավ տղայիս մեր տան վերանորոգման աշխատանքներում օգնել՝ գլուխ էր հանում նման աշխատանքներից։ Նույն օրը գիշերը ժամը հինգի կողմերը՝ լուսադեմին, այդ կրակոցները սկսվեցին։ Ես տղաներին խմած ընդհանրապես չեմ տեսել, մեր տուն հաճախակի էին գալիս՝ մի երկու բառ փոխանակելու, սիգարետ վերցնելու համար։ Երբեք տղաներին հարբած չեմ տեսել՝ ո՞նց են համարձակվում նման սուտ լուրեր տարածել տղաների մասին»,- պատմում է Ներքին Հանդի բնակչուհին։
Ասում է՝ իր համար վիրավորական է, որ զոհված տղաներին փորձում են վատ լույսի ներքո ներկայացնել՝ հատկապես որ դա ապատեղեկատվություն է. «Կարգին, հրաշք տղաներ էին, ոչ ոք իրավունք չունի այդ տղաներին բան ասի, իրենց հող ու ջրից կտրվել էին, եկել էին, մեզ պաշտպանում էին»։ Տիկին Հասմիկն ասում է` նրանցից ոչ ոքի երբեք վատ կամ կոպիտ խոսելուց, գյուղում պարապ պտտվելուց չի տեսել։ Ռազմական ագրեսիայի օրը սկզբում վիրավորին է տեսել, իսկ ավելի ուշ՝ մեքենայով արդեն զոհվածներից մեկին։
«Մի վիրավորն ու զոհը մի պոստում են եղել, այս պոստն անմիջապես մեր հողամասի մոտ էր, մյուս երեք զոհն էլ՝ էլի մեր հողամասի մոտ, բայց մյուս կողմի պոստում են եղել։ Մենք այնտեղ չենք գնում` այգի է, երեքն էլ այնտեղ են զոհվել»,- պատմում է տիկին Կարինեն։
«Բայց գնացին, մեր հայ ազգից չորսն էլ գնացին, չորս ծուխ էլ մարեց»,- մորմոքում է զրուցակիցս։ Ինչ վերաբերում է գյուղին, ապա գյուղի ուղղությամբ կրակոցներ չեն եղել՝ ընդամենը մի քանի փամփուշտ։ Ներքին Հանդի բնակչուհին նշում է, որ գյուղի բնակիչներն անորոշության մեջ են, չգիտեն, թե ինչ է լինելու, եւ պնդում է, որ մեր ազգը պիտի միավորվի, ու հարցնում է՝ ինչո՞ւ այսպես դարձանք, ափսոս է մեր ազգը։
Մենք հետաքրքրվեցինք տիկին Կարինեից, թե երբ է իրենց գյուղում վերջին անգամ տեսել եվրոպացի դիտորդներին եւ, առհասարակ, տեսե՞լ է։ Ասաց, որ դիտորդներին երկու անգամ տեսել է 2022 թվականի սեպտեմբերյան պատերազմից հետո։ Բայց ի՞նչ կարող են անել դիտորդները` հարցնում է տիկին Կարինեն։ «Գետի ջուրն ենք խմում փաստացի, ծորակը բացում ենք՝ ցեխ է գալիս։ Անորոշ ապրում ենք, հուսանք՝ վերջը լավ կլինի»։