ՆԱՏՕ-ի ամենախոշոր վարժանքները՝ ՌԴ սահմանին․ Կրեմլն արձագանքել է
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանը սպառնալիք է համարում Եվրոպայում մեկնարկած ՆԱՏՕ-ի Steadfast Defender 2024 զորավարժությունները։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, որի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Ըստ Կրեմլի խոսնակի, Ռուսաստանը ՆԱՏՕ-ի զորավարժությունները «միանշանակ ընկալում է» որպես սպառնալիք, քանի որ «ՆԱՏՕ-ն առճակատման գործիք է».
«Սա սպառնալիք է մեզ համար, մենք դրան այդպես ենք վերաբերվում։ Եվ դրա համար մշտապես ձեռնարկվում են համապատասխան միջոցներ, հատկապես այն ֆոնին, թե ինչպես է դաշինքը մի քանի տասնամյակ շարունակ իր ռազմական ենթակառուցվածքը տեղափոխում դեպի մեր սահմանները»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Նշենք, որ այսօր մեկնարկում են սառը պատերազմից ի վեր ՆԱՏՕ-ի ամենախոշոր զորավարժությունները։ Steadfast Defender զորավարժությունների սցենարը ենթադրում է, որ թշնամու ագրեսիայի դեպքում ԱՄՆ-ի զորքերը կուժեղացնեն եվրոպացի դաշնակիցներին Ռուսաստանին սահմանակից երկրներում և դաշինքի արևելյան թևում:
Դիտարկվում է տարբերակ, ըստ որի՝ հակամարտությունը բռնկվում է գրեթե հավասարազոր թշնամու հետ։ Նախկինում լրատվամիջոցները գրում էին, որ զորավարժությունների «լեգենդը» լինելու է ռուսական ներխուժումը Սուվալսկու միջանցքի տարածքում։
Զորավարժություններին, որոնք կտևեն մինչև մայիսի վերջ, կմասնակցեն 90 հազար զինվորականներ ՆԱՏՕ-ի 31 երկրներից, ինչպես նաև Շվեդիայից, մոտ 50 ռազմանավ, 80 ինքնաթիռ, 1,1 հազար ցամաքային մարտական մեքենա, այդ թվում՝ 133 տանկ։ Դրանք տեղի կունենան Ֆինլանդիայում, Էստոնիայում, Գերմանիայում, Հունաստանում, Հունգարիայում, Լատվիայում, Լիտվայում, Նորվեգիայում, Լեհաստանում, Ռումինիայում, Սլովակիայում, Շվեդիայում և Մեծ Բրիտանիայում: