Վթար, վեճ և կրակոց` Աբովյանի Երևանյան փողոցում (տեսանյութ)
ПравоՀունվարի 14-ին, ժամը 20.09-ին, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Աբովյան քաղաքի Երևանյան փողոցում վթար է եղել, և վարորդներից մեկը ատրճանակից կրակել է:
Դեպքի վայր օպերատիվ խումբ է մեկնել: Ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 20-ի սահմաններում Աբովյան քաղաքի Երևանյան փողոցում իրար են բախվել «Օպել» և «Քրայսլեր» մակնիշի մեքենաներ, ինչի հետևանքով վարորդների միջև վիճաբանություն է սկսվել, որի ընթացքում էլ «Քրայսլերի» վարորդը ձեռքով խփել է «Օպելի» վարորդին, ապա ատրճանակից օդ է կրակել:
«Օպելի» 33-ամյա և «Քրայսլերի» 37-ամյա վարորդները ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Կոտայքի բաժին: Դեպքի առթիվ Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ ժամը 22.10-ին բաժին է ներկայացել Կամարիս գյուղի 29-ամյա մի բնակիչ և ներկայացրել «Ekol» տեսակի ատրճանակ, որի պահեստատուփում կար 9 մմ տրամաչափի մեկ փամփուշտ և նույն տրամաչափի մեկ փամփուշտ էլ՝ փամփշտանոցում: Նա հայտնել է, որ դրանք իրեն տվել է «Քրայսլերի» վարորդը:
Քրեական վարույթի շրջանակում, դատարանի որոշմամբ, խուզարկվել է կամարիսցի վարորդի «Քրայսլերը»: Հայտնաբերվել է հանցագործության գործիք ատրճանակը, որի փամփշտանոցում և պահեստատուփում առկա էր մեկական փամփուշտ:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Աբովյանի քննչական բաժին: Քրեական վարույթը շարունակվում է: