Ես չեմ զարմանա, եթե Փաշինյանի իշխանությունը Րաֆֆու, Նժդեհի գրքերը խարույկների վրա այրի. Ավետիք Չալաբյան
ПолитикаԱյս իշխանությունը փորձում է մեր հասարակության կարևոր բջիջները ոչնչացնել, օրինակ՝ հարձակում է սկսում եկեղեցու դեմ, ձերբակալում են գեներալներին, փակում են թատրոնները: Այս մասին, այսօր՝ հունվարի 15-ին, լրագրողների հետ զրույցում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը, ով նույնպես ներկա էր «Գոյ» թատրոնի կոլեկտիվի կազմակերպած բողոքի ակցիային, որով պահանջում են չմիավորել «Գոյ» և Սունդուկյան թատրոնները։
«Թատրոնը և ընդհանրապես մշակութային ցանկացած կոլեկտիվ հասարակության կարևոր մաս է, թույլ է տալիս միասին մեզ զգալ հասարակություն, զգալ որակյալ հասարակություն, մշակութային և ինտելեկտուալ հասարակություն։ Հիմա այս իշխանությունը փորձում է մեր հասարակության կարևոր բջիջները ոչնչացնել, այս ամենը ինձ հիշեցնում է 30-ականների նացիստական Գերմանիան, երբ որ բերում էին քաղաքների կենտրոններում խարույկներ էին վառում և իրենց դուր չեկած հեղինակների գրքերը գցում էին խարույկների մեջ։ Ես չեմ զարմանա, որ եթե Փաշինյանի իշխանությունը կարողանա վերարտադրվել, ինչ-որ ժամանակ հետո Րաֆֆու, Նժդեհի գրքերը այրեն, Նժդեհի, Նեմեսիսի արձանները հանեն, որովհետև իրենց բովանդակությունը, գործունեության ոճը դա է»,-ասաց նա։
Ըստ Չալաբյանի՝ թատրոնի կոլեկտիվն անկախ քաղաքացիական ձայն ունի և նրա գոյությունը ֆինանսական չնչին ծախս է պահանջում։ «Գոյ» թատրոնը հարվածի տակ է ընկել, քանի որ այս նյութապաշտ իշխանության դոկտրինի մեջ չի տեղավորվում»,-ասաց նա՝ հավելելով, որ ինքն այսօր այստեղ է, որպեսզի «Գոյ» թատրոնը շարունակի իր գործունեությունը:
Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ «Գոյ» թատրոնը միացվել է Սունդուկյանի անվան թատրոնին եւ գործելու է նրա կազմում: «Գոյ» թատրոնի տնօրենը կառավարության այդ որոշման դեմ դատական հայց է ներկայացրել, սակայն օրեր առաջ նրան ազատել են աշխատանքից եւ նշանակել նոր պաշտոնակատար:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ հայտարարել էր, որ «Գոյ» թատրոնի գոյությունը որպես առանձին ՊՈԱԿ չենք պատկերացնում, այլ պատկերացնում ենք առանձին ստեղծագործական միավոր Սունդուկյանի անվան թատրոնի կազմում:
Թատրոնի աշխատակազմի շահերը ներկայացնող փաստաբան Կարո Ասատրյանը նշել է, որ օրենսդրությունն արգելում է դատական գործընթացը չավարտած՝ որոշում կայացնել, թեև Ժաննա Անդրեասյանն ասել է, որ դրանք տարբեր գործընթացներ են։