Փաշինյանի «կախիչների» շոուն նոր թափ է հավաքելու
ОбществоՑնցուղների և կախիչների հայտնի պատմությունը, որի հետևանքով պաշտոնանկ արվեցին քաղաքաշինության կոմիտեի նախագահը, Լոռու և Արմավիրի մարզպետները, այդքանով չի ավարտվել։ Նիկոլ Փաշինյանը Պետական վերահսկողության ծառայությանն ուղարկել է քաղաքաշինության կոմիտե՝ ուսումնասիրություններ անելու, և այնպիսի հրահանգ է տվել, որ հիմք հանդիսանա դա հետագայում քրեական գործեր հարուցելու համար։ Իր համերկրացի Արմեն Ղուլարյանին և բոլոր կառույցների ղեկավարներին, որոնք ներքաշված են եղել անորակ դպրոցների շինարարության, մատակարարումների, գնումների գործընթացում, խնդիր է դրված նստեցնել։
Փաշինյանը մտադիր է մեծ շոու սարքել՝ ցույց տալու, որ անգամ իր օրոք կատարվող կոռուպցիոն դրսևորումների դեմ է պայքարում, այլ ոչ միայն նախկինների արած «թալանի»։ Գրեթե շանս չկա, որ մի քանիսը քրեական հետապնդման չենթարկվեն։ Փաշինյանը նաև «զոհեր» է պահանջում ԿԳՄՍՆ-ում, հատկապես անորակ շինարարությունն ընդունելու մասով:
Այս շոուն, ըստ ՔՊ մեր աղբյուրների, դեռ նոր է սկսվում։ Հաջորդ շաբաթվանից Փաշինյանն այցերը շարունակելու է, և նպատակ ունի առավել մեծ ընդգրկում տալ իր «հակակոռուպցիոն» հիստերիկ ներկայացումներին՝ կախիչներ պոկելով, ցնցուղներ հանելով։ Այս ամենը, իհարկե, տեղավորվում է նախընտրական քարոզարշավի տրամաբանության մեջ։ Իշխանությունը, ի տարբերություն ընդդիմության, արդեն վաղուց է պատրաստվում իր իսկ նախաձեռնելիք արտահերթ ընտրություններին, և մտադիր է նոր ԱԺ-ն հավաքել բացառապես յուրայիններից։
Հրանտ Սարիբեկյան