Նանսենի անվան երեխաների խնամքի կենտրոնի 10 սաների ու 5 աշխատակիցների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել
ОбществоԿորոնավիրուսի դեպքեր են հաստատվել «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N2 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ում։
Խնամքի կենտրոնի աշխատակիցների ու գիշերող երեխաների մոտ է գրանցվել վիրուսը։ Այս մասին հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը։
Նրա խոսքով՝ բոլոր վարակվածների մոտ հիվանդությունն ընթանում է անախտանիշ:
«Արդեն ստացել ենք թեստերի պատասխանները։ Խնամքի կենտրոնի 10 սաների և 5 աշխատակցի մոտ թեստավորման պատասխանը եղել է դրական: Որևէ մեկը հոսպիտալացված չէ, քանի որ հիվանդությունն ընթանում է առանց սիմպտոմների։ Համաճարակաբանների հետ կապի մեջ ենք, նրանք հսկողության տակ են պահում բոլոր հիվանդներին։ Անհանգստանալու կարիք չկա։
Միայն մեկ աշխատակից է գտնվում ռիսկային խմբում։ Նա շաքարային դիաբետ ունի։ Աշխատակիցները մեկուսացվել են խնամքի կենտրոնում։ Այստեղ 21 երեխա է գիշերում և նրանցից 10-ը, որոնց թեստավորման պատասխանները դրական են, մեկուսացվել են»,- ասել է Սոնա Մարտիրոսյանը։
Թիվ 2 գիշերօթիկ հաստատությունը կառավարության որոշմամբ լուծարվել է հունիսի 25-ին: Մինչ այս, հաշվի առնելով երկրում հայտարարված արտակարգ դրությունը, հաստատությունն անցել էր փակ ռեժիմի:
Կենտրոնում գրանցված 80 երեխաներից 59-ը վերադարձել է ընտանիք։