Հայտնաբերվել են 11 կգ 840 գրամ տարբեր տեսակի թմրամիջոցներ. ՆԳՆ ոստիկանություն
ПравоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՆԳՆ ոստիկանությունը թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակներում կատարված աշխատանքի արդյունքում հայտնաբերել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության հերթական դեպքը։
Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել են օպերատիվ տեղեկություն, որ Երևանի բնակիչ 28 և 29 տարեկան երկու երիտասարդ ապօրինի ճանապարհով Հայաստան են ներկրում և իրացնում խոշոր չափերի թմրամիջոցներ:
Տեղեկությունն իրացնելիս վարչության ծառայողները համագործակցել են ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ու Կապանի բաժնի ծառայողների և մարզի պարեկների հետ:
Հունվարի 11-ին՝ ժամը 16.50-ին, Կապանի Երկաթուղայինների 5-րդ նրբանցքում, մաքսանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ ներկրելու և իրացնելու կասկածանքով, երևանցի երիտասարդներ են ձերբակալվել, «Քրայսլեր» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ՝ տեղափոխվել ոստիկանության Կապանի բաժին:
Մեքենայի սրահում հայտնաբերված պոլիէթիլենային երեք փաթեթում առկա են եղել 11 կգ 840 գրամ տարբեր տեսակի թմրամիջոցներ, այդ թվում՝ 4 կգ 846 գրամ մեթամֆետամինի, 6 կգ 289 գրամ մարիխուանայի, 202 գրամ հերոինի և 503 գրամ ափիոնի նմանվող զանգվածներ:
Փաստի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանգամանքները պարզվում են:
Ոստիկանությունը քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ թմրամոլությունից և հատկապես ապօրինի թմրաշրջանառությունից, քանի որ ոստիկանության և իրավապահ մյուս կառույցների պայքարն այդ չարիքի դեմ հետևողական է, ամենօրյա և շուրջօրյա:
2024 թվականը ոստիկանությունը նույնպես հայտարարել է թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի տարի: