Փոխարտգործնախարարին դեսպան կնշանակեն
ОбществоՎարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով երեկ աշխատանքից ազատվել է փոխարտգործնախարար Վահե Գևորգյանը, որն այդ պաշտոնին նշանակվել էր 44-օրյա պատերազմից ամիսներ անց։
Ըստ ԱԳՆ-ում տարածված տեղեկությունների՝ Գևորգյանի ազատումն այս պաշտոնից ամենևին էլ ԱԳՆ-ի ներքին խժդժությունների հետևանք չէ։ Թեպետ Արարատ Միրզոյանը պաշտոնին նշանակվելուց հետո հասցրել էր փչացնել հարաբերությունները գրեթե բոլոր փոխարտգործնախարարների հետ, սակայն այժմ ջերմ հարաբերություններ ունի, և նրա տեղակալները ջերմեռանդորեն կատարում են Միրզոյանի հրահանգները, ուստի և որոշվել է Վահե Գևորգյանին ավելի լավ և հարմարավետ պաշտոնի նշանակել՝ դեսպան Չինաստանում։
Դեռևս նախկինների օրոք Չինաստանում Հայաստանի դեսպան նշանակված Սերգեյ Մանասարյանին հետ են կանչելու Հայաստան, ընդ որում՝ կադրային և հմուտ դիվանագետի ծառայություններից փաշինյանական վարչախումբն այլևս չի ցանկանում օգտվել։
Չինաստանում դեսպան եղած ժամանակ Մանասարյանն առանձնապես շահագրգռված չի եղել Փաշինյանի և նրա վարչախմբի բոլոր հրահանգները կատարելու գործում, ուստի և որոշում է կայացվել նրան հետ կանչել և պարզապես ուղարկել թոշակի, իսկ փոխարենը փոխարտգործնախարարի պաշտոնում կարող են նշանակել փաշինյանական իշխանության որևէ «կարկառուն» ներկայացուցչի, առանց այն էլ նման մի կերպարի ավելի վաղ նշանակել էին Արարատ Միրզոյանի տեղակալ։
Տիգրան Կիրակոսյան