Ֆրանսիան Ադրբեջանից պահանջել է ազատել իր քաղաքացուն. Բաքուն պահանջում է չմիջամտել իր ներքին գործերին
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Ադրբեջանի կողմից իր քաղաքացու կալանավորումը։ Բաքուն ֆրանսիացուն մեղադրում է իբրև լրտեսության մեջ:
Ինչպես նշում է Reuters-ը, Ֆրանսիայի ԱԳՆ-ն հաստատել է իր քաղաքացու կալանավորումը՝ հավելելով, որ Բաքվում Ֆրանսիայի դեսպանատան ներկայացուցիչները կարողացել են երկու անգամ այցելել տղամարդուն։
«Մենք Ադրբեջանի իշխանություններին հայտնել ենք, որ այս կալանավորումը համարում ենք կամայական և պահանջում ենք անհապաղ ազատ արձակել մեր հայրենակցին», - հավելել է Ֆրանսիայի ԱԳՆ-ն։
Մեկնաբանելով այս հայտարարությունը՝ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն հայտնել է, որ «Եվրոպայի եւ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունների պնդումները ֆրանսիացի քաղաքացու անհիմն ձերբակալման մասին խեղաթյուրում են իրականությունը, դա Ադրբեջանի ներքին գործերին եւ օրինական հետաքննության գործընթացին միջամտելու հերթական փորձ է»։
«Ադրբեջանական կողմը, նշված ֆրանսիացի քաղաքացու հանդեպ միջոցներ ձեռնարկելով, լիովին հետեւել է ազգային օրենսդրությանը եւ միջազգային պարտավորություններին։ Կասկածյալի ձերբակալման պահից Ֆրանսիայի դեսպանության հյուպատոսական վարչության աշխատակիցները մի քանի անգամ այցելել են նրան, եւ նրանք լիովին տեղեկացված են քրեական գործի մասին»,- ասել են Ադրբեջանի ԱԳՆ-ում։ Հաջիզադեն նշել է, որ «չնայած Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը բանավոր նոտա է ուղարկել Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանություն՝ հարցի ուսումնասիրման նպատակով (Ֆրանսիայի դեսպանության երկու աշխատակիցների հետ նշված անձի համագործակցության մասին), ֆրանսիական կողմը հրաժարվել է որեւէ բացատրություն տալ եւ համագործակցել հետաքննության հետ։ Եվ այդ պատճառով դեսպանության աշխատակիցները Ադրբեջանի կողմից հայտարարվել են անցանկալի անձինք»։