«Հեզբոլլահի» ու Իսրայելի միջև լարվածության աճի ֆոնին՝ Լիբանանի քրիստոնյաները մտահոգ են
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Հեզբոլլահի» և Իսրայելի միջև շարունակվում է լարվածության աճը, ինչ շարժման առաջնորդ Հասան Նասրալլան սպառնաց, թե Իսրայելի կողմից «Համասի» բարձրաստիճան ներկայացուցիչ Սալեհ Ալ-Արուրիի սպանությունը «անպատիժ չի մնա»: Այս մասին հայտնում է Ամերիկայի Ձայնը։
Նասրալլայի խոսքերը մտահոգություն են առաջացրել հատկապես Լիբանանի քրիստոնյաների շրջանում:
Ալիսն ապրում է Բեյրութի արևելյան արվարձաններից մեկում՝ նկուղում, ամուսնու՝ Բաշիրի և վեց երեխաների հետ։ Սպասում են յոթերորդ զավակի ծնվելուն:
Գրեթե թշվառության եզրին՝սարսափած է, որ հակամարտությունը պարզապես կկործանի իր կյանքը:
«Ինձ վախեցնում է, որ պատերազմը կարող է հասնել Բեյրութ: [Այդ դեպքում] չեմ իմանա ինչ անել երեխաների հետ: Որտե՞ղ կարող ենք թաքնվել: Հիմա, համենայնդեպս, թեև աղքատ ենք, բայց կարող եմ նրանց հաց տալ։ Հետո ի՞նչ ենք անելու։ Թող Աստված մեզ պահապան լինի»,- ասում է նա:
Այս անորոշ ժամանակներում մարդիկ ասում են, որ ուժ և աջակցություն են գտնում միայն իրենց հավատքի մեջ:
«Մարդիկ սկսում են մտածել, որ լիբանանցի քաղաքական գործիչները և օտարերկրյա առաջնորդներն այլևս ի վիճակի չեն ճգնաժամին լուծումներ տալ և դիմում են Աստծուն: Նա միակն է, ով կարող է մխիթարություն ու ուժ տալ՝ առաջ գնալու համար»,- ասում է Հայր Գաբրիել Տաբետը:
«Kitchen Mariam» քրիստոնեական բարեգործական կազմակերպությունը բացվել է երեք տարի առաջ՝ 2020 թվականի օգոստոսին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հայտնի, հսկայածավալ պայթյունից հետո: Կամավորներն ամեն օր մոտ 1500 բաժին տաք կերակուր են պատրաստում կարիքավորների համար:
«Մարդիկ գալիս են մեզ մոտ՝ իմանալով, որ անվճար սնունդ կստանան: Տա Աստված, հուսով ենք, որ կարող ենք շարունակել օգնել նրանց»,- ասում է կամավոր Քրիստին Զեիլան:
Լիբանանը, ուր բնակչության 80%-ն աղքատ է, իր պատմության ամենից ծանր տնտեսական ճգնաժամերից մեկի ներքո է:
«[Մեր ազգային ] դրամը արժեզրկվել է․ 2009 թվականին մեկ ամերիկյան դոլարի դիմաց 1 500 լիրա էին տալիս, այժմ՝ 89 հազար: Եթե իրավիճակը վատանա, տնտեսության անկումը կշարունակվի, ինչն էլ կործանարար հետևանքներ կունենա»,- ասում է Բեյրութի Ամերիկյան համալսարանի տնտեսագետ Մոհամադ Ֆաուրը:
Այս ամենի ֆոնին՝ ավելի ինտենսիվ են դարձել Իրանի հովանավորությունը վայելող «Հեզբոլլահի» ու իսրայելական ռազմուժի միջև սահմանային բախումները։ Լիբանանի քրիստոնյաները կոչ են արել «Հեզբոլլահին» խուսափել պատերազմից:
Անորոշությանն ընդառաջ՝ լիբանանցիների մեծ մասը հույս ունի, որ երկիրը, այնուամենայնիվ, կխուսափի արյունահեղությունից ու ավերածություններից: