«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն ամփոփում է տարին
Общество«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն ամփոփում է տարվա արդյունքները: Ընկերության համար այս տարին նշանավորվեց մի քանի կարևոր իրադարձություններով։ Արդեն յոթերորդ տարին է, ինչ Ընկերությունն իրականացնում է Էլեկտրական ցանցերի արդիականացման և վերակառուցման ավելի քան 900 մլն ԱՄՆ դոլարի արժողության ներդրումային ծրագիրը: Ծրագիրը նախատեսված է 10 տարվա համար և ուղղված է սպառողների էլեկտրամատակարարման որակի բարձրացմանը, էլեկտրաէնեգիայի հաշվառման և վերահսկման սմարթ համակարգերի ներդրմանը, նոր սպառողների՝ էլեկտրական ցանցին միացմանը և այլ կարևոր միջոցառումների իրականացմանը:
2015-2023թթ. «ՀԷՑ» ՓԲԸ էներգետիկները կառուցել են 2067 ենթակայան, 6/10 կՎ 413 կմ օդային և մալուխային գծեր՝ ավելի քան 80,000 բաժանորդի՝ ցանցին միացնելու համար:
Ներդրումային ծրագրով իրականացվել են հետևյալ աշխատանքները՝
1. 0.4 կՎ մալուխագծերի փոխարինում՝ 532, 98.1 կմ,
2. 6/10 կՎ մալուխագծերի փոխարինում՝ 412, 142.5 կմ,
3. 0.4 կՎ օդային գծերի փոխարինում՝ 137.2 կմ,
4. 6/10 կՎ օդային գծերի փոխարինում՝ 72.0 կմ,
5. թվով 180 տրանսֆորմատորային ենթակայանների վերակառուցում,
6. թվով 76 բաշխիչ կետերի վերակառուցում,
7. թվով 5 110/35/10(6) կՎ ենթկայանների վերակառուցում:
Նույն ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի ավտոմատացված հաշվառման համակարգի ներդրման աշխտանքների շրջանակում կատարվել է շուրջ 700 000 հաշվիչների փոխարինում նոր «խելացի» հաշվիչներով:
«Բոլոր արտադրական ծրագրային գործողությունների, ցանցերի վերազինման, տեխնիկական միացման աշխատանքների իրականացումից բացի՝ մեր գործունեության առաջնահերթ ոլորտը մնում է ծառայությունների որակի և էլեկտրամատակարարման հուսալիության բարձրացման աշխատանքը: Եվ եթե այսօր դեռ էլեկտրամատակարման վթարային ընդհատումների և որակի որոշակի խնդիրներ կան, դա կապված է մեր ողջ ներուժը նոր սպառողների՝ ցանցին միացմանն ուղղելու հետ, որը ևս մեր պարտավորությունների շրջանակում է: Այնուամենայնիվ, մենք շարունակելու ենք մեր առջև դրված բոլոր նպատակների իրագործմանն առաջիկա տարիներին ևս», - նշում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Տնօրենների Խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանը:
Ընկերության համար տարին նշանավոր էր նաև պարտատոմսերի թողարկման կարևոր իրադարձության տեսանկյունից:
Ընկերությունն առաջին անգամ պարտատոմսեր է թողարկել Հայաստանի կապիտալի շուկայում` 32 մլրդ դրամի չափով, 11.4 % տոկոսադրույքով, 3 տարի մարման ժամկետով և արժեկտրոնի վճարման կիսամյակային պարբերականությամբ: Պարտատոմսերի տեղաբաշխողն Ամերիաբանկն է:
Պարտատոմսերի թողարկման նպատակն Ընկերության վարկերի վերաֆինանսավորումն է, ինչպես նաև ներդրումային ծրագրի շարունակականության ապահովումը, որն ուղղված է էլեկտրաէներգիայի կորուստների նվազեցմանը, բաշխիչ ցանցի ընդլայնմանը, գործառնական ծախսերի նվազեցմանը, սպասարկման որակի բարձրացմանը, նոր բաժանորդների միացմանը ցանցին, էլեկտրաէներգիայի հաշվառման համակարգերի արդիականացմանը:
Պարտատոմսերի հիմնական պոտենցիալ ներդրողները հայկական բանկերն ու կենսաթոշակային հիմնադրամներն են, սակայն, միևնույն ժամանակ, պարտատոմսերի ձեռքբերման գործընթացն առավելագույնս պարզեցված է ֆիզիկական անձ ներդրողների համար. յուրաքանչյուր ցանկացող կարող է ամբողջությամբ օնլայն ու ավտոմատացված եղանակով ՀԷՑ-ի պարտատոմսեր գնել՝ օգտվելով MyAmeria հավելվածի MyInvest հարթակից:
Ակնկալվում է, որ Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակվելուց հետո պարտատոմսերը կունենան նաև ակտիվ և խորը երկրորդային շուկա` շնորհիվ արդեն իսկ ձևավորված դիվերսիֆիկացված ներդորղների բազայի, պարտատոմսերի աննախադեպ մեծ ծավալի և պրոֆեսիոնալ շուկա ստեղծողների: