Արտահերթ ընտրությունների թեման՝ ընդդիմությանը վարկաբեկելու առիթ
ОбществоՀայաստանի քաղաքական խոսույթում արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեման գցել են գործող իշխանությունները, իրենք էլ հերքում են պարբերաբար՝ հանրությանը փորձելով համոզել, թե չեն ցանկանում գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը երեկ լրագրողների հետ զրույցում ապուշություն, հիմարություն և սուտ է անվանել արտահերթ ընտրությունների գնալու տեղեկությունը, ավելին Սիմոնյանը տրամաբանական հարց է տալիս, թե ինչու՞ իրենք պետք է գնան արտահերթ ընտրությունների, եթե ունեն սահմանադրական մեծամասնություն և ցանկացած հարց կարող են լուծել առանց որևէ խնդրի։
Լրագրողների դիտարկմանը, որ իրենց համար ցանկալի ընդդիմություն բերեն խորհրդարան, Ալեն Սիմոնյանն արձագանքել է. «Իսկ էս ընդդիմությունը մեզ համար ցանկալի չի՞, մեծամասնություն ունենք, ինչու՞ պիտի գնանաք նոր ընտրությունների»։
Ավելին, Սիմոնյանը պնդում է, որ այս պահի դրությամբ ՔՊ-ն պատրաստ է տարին մեկ ընտրություններ հաղթել, իսկ ընդդիմությունը պատրաստ չէ ընդհանրապես ընտրությունների գնալ, նույնիսկ քաղաքային ընտրություններին չկարողացան գնալ։
Ըստ Սիմոնյանի՝ ընդդիմությունն է կեղծ օրակարգեր ձևավորում, ապա սկսում պայքարել այդ օրակարգերի դեմ։ Այն, որ ԱԺ նախագահի հայտարարությունները տրամաբանական են, հերքել չի կարելի, միևնույն ժամանակ արտահերթ ընտրությունների գնալ ՔՊ-ին պարտադրում են հենց դրսից։ Արևմտյան հովանավորները հրաշալի հասկանում են, որ այժմ Փաշինյանը չունի այն լեգիտիմությունը՝ Ացախի հարցում իրենց ցանկալի որոշումներ կայացնելու, իսկ գործող ընդդիմությունն էլ թեև փոքրաքանակ է և անկազմակերպ, սակայն կարող է ֆորս մաժորային իրավիճակում լուրջ խնդիր դառնալ Նիկոլ Փաշինյանի համար, ուստի և գործող իշխանությունները և նրանց սատելիտ կուսակցություններն ակտիվորեն պատրաստվում են արտահերթ ընտրություններ անցկացնել ցանկացած հարմար ժամանակ և ընդդիմադիր ուժերի գլխի տակ էլ փափուկ բարձ են դնում, որպեսզի արտահերթ ընտրություններն անցնեն իրենց ուզած սցենարով։
Մարիամ Բարսեղյան