Ինչո՞ւ է օտարերկրյա կազմակերպությունը ուսումնասիրություններ արել Հայաստանում. «Փաստ»
Пресса«Փաստ» օրաթերթը գրում է.
Մինչ Ադրբեջանը առիթներ է փնտրում տարբեր հարթակներում հարձակումներ գործելու Հայաստանի հանքարդյունաբերության դեմ՝ պատճառ բռնելով դրանց՝ իբր բացասական ազդեցությունը տարածաշրջանի բնության վրա, իսկ իրականում նպատակ ունենալով հարվածել մեր երկրի տնտեսությանը, որի մեջ առանցքային դեր ունի հանքարդյունաբերությունը, այս արշավի «ջրաղացին ջուր են լցնում» նաև մեր բնապահպանական որոշ կառույցներ: Այն, որ բնապահպանական խնդիրները պետք է լինեն ուշադրության կենտրոնում, կասկածից վեր է: Այն, որ պետք է իրականացվեն համապատասխան ստուգումներ, նորից կասկածից վեր է:
Սակայն այստեղ պետք է գործել օգտակար լինելու, առավելապես հասարակական սեկտոր-պետություն-հանքարդյունաբերություն եռանկյունու ներսում համագործակցության ու տեղեկատվության փոխանակման, այլ ոչ թե վնասելու սկզբունքով: Այնինչ, այս առումով մեր երկիրն ունենում է որոշակի խնդիրներ: Ավելին, պարզվում է, որ մոտ երկու տարի Հայաստանում «թունավոր ծանր մետաղների տարածման ուղիների» հետ կապված ուսումնասիրություններ է իրականացրել չեխական «Առնիկա» հասարակական կազմակերպությունը, որի փորձագետները մի քանի օրից ժամանելու են Հայաստան՝ ամփոփելու ուսումնասիրությունների արդյունքները:
Այստեղ առաջ են գալիս մի շարք հարցեր՝ ինչո՞ւ է արտերկրյա ՀԿ-ն ուսումնասիրություններ անում Հայաստանում, ո՞վ է թույլ տվել, ովքե՞ր են այդ փորձագետները, որքանո՞վ կարելի է վստահ լինել նրանց օբյեկտիվության մեջ, ի՞նչ երաշխիքներ կան, որ այդ տեղեկությունները չեն հայտնվի Ադրբեջանի կամ Թուրքիայի ձեռքում, կամ եթե ամբողջությամբ հրապարակային են լինելու ուսումնասիրության արդյունքները, ինչպե՞ս կարող են դրանք օգտագործվել նշյալ երկրների կողմից և այլն: Մի խոսքով, կարծում ենք, այս հարցերի պատասխաններն ստանալու առումով անելիք ունեն նաև պետական մարմինները, այդ թվում՝ իրավապահները: Հակառակ պարագայում կարող է այնպես ստացվել, որ հոնքը շինելու փոխարեն աչքն էլ հանենք՝ մեծ վնաս հասցնելով հանքարդյունաբերությանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում