Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի համար Փաշինյանն իր թեկնածուն ունի
ОбществоԿոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի ընտրությունները լուրջ փորձաքար են դարձել իշխող «Քաղաքացիական պայմանագրի» համար։ Հանձնաժողովի նախագահի պաշտոնը վերջին տարիներին զբաղեցրել է Հայկուհի Հարությունյանը, որը հանձնաժողովի կազմում ընդգրկվել էր դեռ «Լուսավոր Հայաստան» կուսակցության քվոտայով, ապա և դարձել հանձնաժողովի նախագահ։
Հանձնաժոողովն ընդհանրապես նրա պաշտոնավարման օրոք առանձնապես սկանդալային դեպքեր չի բացահայտել և լուրջ կոռուպցիոն բացահայտումների չի մասնակցել։ Ինքը՝ Հայկուհի Հարությունյանն էլ ժամանակին հայտնի էր որպես անկաշառ և լավ փաստաբան, գրեթե ոչնչով աչքի չի ընկել իր պաշտոնավարման օրոք։ Ընդամենը մի քանի ՔՊ-ականների նկատմամբ վարույթներ է հարուցել, այն էլ այնպիսի աղաղակող փաստերի դեպքում, որ նույնիսկ անհնար էր չարձագանքելը։ Նույնիսկ այս հանգամանքը հարուցել է ՔՊ-ականների դժգոհությունը և նրանք երեկ իրենց իսկ կողմից ընտրված հանձնաժողովի նախագահի վրա իսկական հարձակում էին իրականացնում խորհրդարանում։ Մասնավորապես մի ամբողջ խումբ ՔՊ-ական պատգամավորներ այնպիսի հարցեր էին տալիս Հայկուհի Հարությունյանին կարծես նա ընդդիմության ներկայացուցիչ չլիներ, ավելին, նույնիսկ հասցրեցին վերջինիս մեղադրել ընդդիմության հետ սեպարատ պայմանվորվածությունների մեջ։ Հատկապես ակտիվ էին այն ՔՊ-ական պատգամավորները, որոնց նկատմամբ էլ շահերի բախման փաստերով վարույթներ են հարուցվել։
ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ իշխանությունները հակված են Հայկուհի Հարությունյանին չընտրել, ավելին այդ մասին նույնիսկ հայտարարություն էր տարածել Եվրամիություն-Հայաստան քաղհասարակության պլատֆորմը՝ նշելով, որ ՔՊ-ն նման որոշում է կայացրել։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ «Քաղպայմանագիրը» ցանկանում է այդ պաշտոնում նշանակել իրենց իսկ կուսակցին, որպեսզի վերահսկեն հանձնաժողովի ողջ աշխատանքը, հատկապես առաջիկայում չափազանց կարևոր և անհրաժեշտ է լինելու։ Ընդսմին, որոշում է կայացվել այդ պաշտոնում նշանակել ԱԺ ՔՊ-ական տիկնանցից մեկին։
Նարինե Սարատիկյան