Դրսից վառվում է տունը, ներսում տատը հեքիաթներ է պատմում
ПолитикаԱմենադժվարը իրողությունն ընդունելն է։ Այսօր պատերազմ է, դաժան պատերազմ․ սա պետք է ընդունել։ Մինչև կրակը մեր հագուստի ծայրը չի բռնում, չենք ընդունում իրողությունը, որ տունը վառվում է։ Էլ ի՜նչ պետք՝ հասկանալու, որ չորս կողմից կրակի մեջ ենք, ընդունենք, որ պատերազմ է։ Թղթի նման Հայաստանի բոլոր ծայրեըը վառվել ու հավաքվել են մոխրացած սևով մի կետում։ Հավաքվել ու մտածում են, որ էլ չի վառվելու թուղթը, և այդ սևացած կետը դառնալու է մեր խաղաղության խաչմերուկը։
Արցախից մի փախստական կին հարցնում էր՝ քանի՞ անգամ բույն դնեմ, քանի անգամ տեղահանվե՞մ։ Ո՞րն է իմ տեղը։ Վառվող թղթի պես երկիրը փոքրանում և ինչ որ կետում ժամանակավոր կանգնում է։ Մարդիկ հավաքվում են այդ ինչ որ կետում, մինչև բռնկվում է նաև այդ ինչ որ կետը։ Արյան, մահվան, խանձահոտն արդեն բոլորիս ռունգերում է, զգում ենք։ Պատերազմ է, ժողովուրդ։ Ու նման արհավիքային վիճակում հարցեր են ուղղվում «պարոն վարչապետ» աշխատող մարդուն, ու այդ հարցերը լինում են ասֆալտի, թոշակի, մանկապարտեզի վերնորոգման մասին։ Սա ի՜նչ թատրոն է, ինչու՞ է ոչնչացվում, դիմադրողականությունից զրկվում մի ողջ ժողովուրդ, որ սեփական անվտանգությունը թողած, սեփական հարյուր հազարավոր գաղթականները թողած ու նոր գաղթականներ ընդունելու շեմին ասֆալտն է նրան մտահոգում։ Մթության մեջ գտնվող մարդուն առաջին հերթին լույսն է հետաքրքրում։
Սա բնա՜զդ է, անգամ եթե գիտակցություն էլ չունենա մարդ, բնազդով կխոսի լույսի, փրկության մասին։ Փաշինյանի երեկվա կազմակերպած հարցազրույցը՝ ապտակ էր ժողովրդին, նրա գոյությանը։ Դա սարքած թատրոն էր, որպեսզի առանց այդ էլ ստորացված, պարտված, նսեմացված ժողովուրդը չընդունի պատերազմի իրողությունը և պատրաստ չլինի իրեն պաշտպանելու հետագա աղետալի փորձություններից։ Սա «խաղաղության խաչմերուկի բեմականացված փորձն էր» , որպեսզի մարդիկ իրենց գոյության ողջ ստրկությունը զգան և ապրեն պարոն վարչապետի նկարած աշխարհում։ Մենք ավելի մեծ վտանգի մեջ ենք, քան պատկերացնում ենք։ Դրսից վառվում է տունը, ներսում «տատը հեքիաթներ է պատմում»՝ երկա՜ր, քնեցնող․․․ Կերպարներ են ստեղծում, որոնք զբաղեցնում են մարդկանց․․․ Վեց ժամանոց կերպարներ։