ԶՊՄԿ-ն կրկին առաջատար է
ЭкономикаՀայաստանում խոշոր հարկատուների ցանկը կրկին գլխավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը 2023 թվականի 9 ամիսների ընթացքում շուրջ 52.4 մլրդ դրամ է վճարել պետբյուջե։
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2023 թվականի հունվար–սեպտեմբեր ամիսների 100 խոշոր հարկատուների ցանկը։ Այդ ցանկը հաճախ գլխավորող ԶՊՄԿ–ն նախորդ կիսամյակում իր դիրքը զիջել էր «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը, որն այժմ 2-րդ տեղում է։ Ընկերությունը շուրջ 39.5 մլրդ դրամ հարկ է վճարել։
Գեոպրոմայնինգ ընկերությունների խմբի մյուս երկու ընկերություններից «Գեոպրոմայնինգ գոլդ»-ը հայտնվել է 85-րդ հորիզոնականում՝ 2․8 մլրդ դրամ, իսկ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատն իր 2․2 մլրդ դրամ վճարած հարկերով զբաղեցնում է 102-րդ հորիզոնականը։ Այսպիսով՝ հունվար-սեպտեմբեր ամիսներին Գեոպրոմայնինգ ընկերությունների խումբն իր կազմում գտնվող երեք ընկերություններով վճարել է 57․5 մլրդ դրամ կամ շուրջ 145 միլիոն դոլար հարկ։
1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2023 թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին պետական բյուջե, ընդհանուր առմամբ, վճարվել է շուրջ 1 տրլն 267 մլրդ ՀՀ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 17 %-ով։
ԶՄՊԿ-ն անխոս առաջատարն էր նաև անցած տարի։ 2022 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտների փաստացի կատարողականը կազմել է 1 տրիլիոն 926 միլիարդ դրամ, իսկ միայն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը վճարել էր պատմականորեն աննախադեպ բարձր թվով հարկեր՝ 145 միլիարդ 636 միլիոն դրամ։ Ի դեպ, ԶՊՄԿ-ն միակն է Հայաստանի պատմության մեջ, որ վճարած միլիարդները եռանիշ թվով են, մյուս խոշոր հարկատուները զգալի ետ են մնում։ Այս ամենը վկայում է, որ ԶՊՄԿ-ն շարունակում է մնալ Հայաստանի տնտեսության ողնաշարը, ուստի բնավ զարմանալի չեն կոմբինատի դեմ Ադրբեջանի քարոզչական հարձակումները։
Անահիտ Գալստյան