232 դեպքը վերաբերում է քաղաքապետարանին, մի մասի ժամանակ Գուլոյանն անգամ քաղաքապետ չի եղել
ПравоԵրեկ Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց այն մասին, որ Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Գուլոյանին մեղադրանքներ են առաջադրվել, որոնք վերաբերում են տարբեր հողատարածքների սեփականաշնորհման գործընթացներին, որոնց ուսումնասիրության արդյունքում քննչական մարմինը նրան մեղադրանք է առաջադրել նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)՝ 1 դրվագ, 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ)՝ 6 դրվագ, ՀՀ գործող քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (փողերի լվացում, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից՝ նախնական համաձայնությամբ)՝ 1 դրվագ, 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերի փողերի լվացում)՝ 2 դրվագ և 445-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք կատարելը) 2 դրվագ: Քննչական կոմիտեն «ժլատություն» չի արել` ընդհանուր առմամբ 232 դրվագով մեղադրանք է առաջադրել նախկին քաղաքապետին` Գագիկ Ծառուկյանի փեսային:
Մեզ հետ զրույցում Գուլոյանի պաշտպան Հունան Բաբայանն ասաց, որ Գուլոյանն իրեն առաջադրված մեղադրանքներից և ոչ մեկը չի ընդունում․ «Բնականաբար, Գուլոյանը մեղսագրված արարքը չի ընդունելու, որովհետև այն, ինչ նկարագրված է, իրականում այդպես չի եղել, այնտեղ բազմաթիվ խնդիրներ են եղել Աբովյան քաղաքի հատակագծի և դրա սահմանների ճշգրտման հետ», - ասաց պաշտպանը։
Բաբայանը նաև ընդգծեց, որ երեկ մամուլում տեղ գտած վերնագիրը, ըստ որի՝ «Նախկին քաղաքապետի նկատմամբ 232 այլ դրվագներով քրեական վարույթ է նախաձեռնվել», իրականությանը չի համապատասխանում, քանի որ քննչական մարմնի հաղորդագրության մեջ նման բան գրված չէ, այլ գրված է, որ վարույթի նախաքննության ընթացքում հայտնաբերվել են նաև նույնաբնույթ ենթադրյալ հանցագործությունների կատարման դեպքերի 232 այլ դրվագներ, որոնց առթիվ վարույթն իրականացնող մարմնի կողմից նախաձեռնվել է վարույթ և ուղարկվել է գլխավոր դատախազություն․
«Այդ վարույթները, որի մասին ասում են 232 դեպք, վերաբերում են ընդհանուր քաղաքապետարանին, այլ ոչ թե քաղաքապետ Գուլոյանին, և նաև վերաբերում են այն ժամանակներին, երբ Գուլոյանը չի եղել քաղաքապետ։ Դրանք դեռևս ինչ-որ ենթադրյալ արարքների մասին դատողություններ են քննչական մարմնի կողմից, այսինքն՝ այդտեղ չկա քրեական հետապնդում, այլ կա քրեական վարույթի նախաձեռնում, հետևաբար տարբեր վարույթներ են նախաձեռնվել տարբեր տարիներին, տարբեր բնույթի դեպքերի վերաբերյալ, օրինակ՝ մի քաղաքացու տրվել է ինչ-որ 15 մետր տարածք ինչ-որ կրպակի համար, հիմա ասում են, որ երբ հատակագծի հետ համեմատում ենք, տեսնում ենք, որ 2 մետր տարածքը ինչ-որ մայթի մեջ է ընկնում, այդ 2 մետրը չպիտի տրվեր։ Այսպիսի դրվագներ են, որոնք դեռ բնականաբար քննվելու և ֆիլտրվելու են»,- ասաց փաստաբանը։
Փաստաբանին խնդրեցինք անդրադառնալ Գուլոյանին առաջադրված մեղադրանքներին՝ պաշտոնեական դիրքի չարաշահում, փողերի լվացում և այլն․ «Այդ բոլոր դրվագների վերաբերյալ առաջադրված մեղադրանքները Գուլոյանը չի ընդունել, արդեն դատարանում մանրամասն դատական քննության ժամանակ այդ բոլոր հանգամանքները կստուգվեն, կպարզվեն։ Ինչ վերաբերում է փողերի լվացմանը, ապա քննչական մարմինները մեխանիկական մոտեցում են ցուցաբերել, այսինքն՝ մեր իրավաբանական պատկերացմամբ այդտեղ փողերի լվացման որևէ խնդիր չկա, իրենք ասում են՝ քանի որ այդ գործարքները մեր կարծիքով ապօրինի են եղել, հետևաբար դրանով փողերի լվացում է տեղի ունեցել, բայց փողերի լվացման որևէ հատկանիշ քրեական գործում չկա»,- ասաց փաստաբանը։