Արցախցիները կարող են պահպանել իրենց հեռախոսահամարները. ո՞ր օպերատորն է սպասարկելու 097 կոդը. «Փաստ»
Пресса«Փաստ» օրաթերթը գրում է.
Հայաստան բռնագաղթած հարյուր հազարից ավելի մեր հայրենակիցներին հայաստանյան կապի օպերատորները տրամադրել են անվճար ինտերնետ ու հեռախոսակապ: Սակայն մի շարք առումներով կարևորվում է նաև արցախցիների՝ իրենց նախկին հեռախոսահամարները պահելու հարցը: Եվ ահա, երեկ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը բավարարեց «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ի հայտը շարժական կապի տարածաշրջանային 097 կոդով «Ղարաբաղ տելեկոմի» առկա հեռախոսահամարների սպասարկումը Team Telecom Armenia-ին տրամադրելու մասին։
Այսպիսով, «Ղարաբաղ տելեկոմի» բոլոր բաժանորդները կկարողանան օգտվել շարժական կապի բոլոր ծառայություններից` պահպանելով իրենց հեռախոսահամարները։ «Այս որոշումը շատ կարևոր քայլ է անվտանգային տեսանկյունից. այսպես մեր հայրենակիցները կշարունակեն կառավարել իրենց բանկային հաշիվները, սոցիալական ցանցերի էջերը, մեսենջերները և մյուս` տվյալների բազա պարունակող հավելվածները՝ զերծ մնալով տարատեսակ թվային հարձակումներից»,- երեկ տարածված հայտարարության մեջ նշել է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում