Մեկնարկում է Հայ ժամանակակից երաժշտության VII փառատոնի աշնանային համերգաշարը
КультураՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մեկնարկում է Հայ ժամանակակից երաժշտության VII փառատոնի աշնանային համերգաշարը, որի շրջանակներում տեղի կունենա 4 համերգ:
Բացման համերգին կհնչեն հայ ժամանակակից կոմպոզիտորների կամերային-նվագախմբային ստեղծագործություններ՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի կատարմամբ. դիրիժոր՝ Հարություն Արզումանյան: Հատկանաշական է, որ փառատոնին ներկայացված գրեթե բոլոր ստեղծագործությունները հնչում են առաջին անգամ: Բացառություն չէ նաև այս համերգը, որի շրջանակներում տեղի կունենան Արամ Սաթյանի «Խաղեր», Մարտին Ուլիխանյանի «Հարց», Կարեն Անանյանի “Point of no return” և Տիգրան Համբարյանի «Անմահություն» ստեղծագործությունների պրեմիերաները, երեկոյի ընթացքում կհնչի նաև երկու մաս Դավիթ Հալաջյանի “Music in the shade” ստեղծագործությունից: Որպես մենակատար՝ հանդես կգան Վիկտորյա Ուլիխանյանը և Կարեն Անանյանը:
Նշենք, որ փառատոնի մյուս համերգները նախատեսված են հոկտեմբերի 9-ին, հոկտեմբերի 23-ին (երկուսն էլ՝ Հայաստանի կոմպոզիտորների միության համերգասրահ) և հոկտեմբերի 31-ին (Արամ Խաչատրյան համերգասրահ): Նախ, կներկայացվի Սոֆա Ազնաուրյանի «Հույս» մոնոօպերան, ապա «Նովա» երգչախումբը՝ խմբավար Կարեն Ամիր Լաթիֆիի ղեկավարությամբ կհնչեցնի հայ կոմպոզիտորների խմբերգային ստեղծագործություններ: Փառատոնի փակման համերգին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ (դիրիժոր՝ Ռուբեն Ասատրյան) կհնչեն Գևորգ Հովհաննիսյանի, Նարինե Զարիֆյանի, Աշոտ Բաբայանի, Նուբար Ասլանյանի, Դավիթ Բալասանյանի և Գայանե Կեսոյանի ստեղծագործությունները:
Նշենք, որ փառատոնի բոլոր համերգների մուտքն ազատ է: Սկիզբը՝ 19:00-ին: