Նարեկ Նալբանդյանը կատարել է «Գոլդեն փելիսի» գնման վճարումները. հյուրանոցը շուտով կբացվի. «Փաստ»
Пресса«Փաստ» օրաթերթը գրում է.
Օրերս լրատվամիջոցներում տեղեկություններ տարածվեցին, որ Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն փելիս» հյուրանոցի սեփականատեր Նարեկ Նալբանդյանը չի կատարել հյուրանոցի գնման երկրորդ վճարումը։ Խոսքը տարաժամկետ վճարման մասին է՝ 1 միլիարդ դրամի չափով: Ըստ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության` լրատվամիջոցներից մեկին փոխանցած գրության, գործարար Նարեկ Նալբանդյանին պատկանող «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ընկերությունը պարտավորվել է վճարել 1 միլիարդ դրամի պարտավորությունը մինչև սույն թվականի օգոստոսի 31-ը:
Քանի որ երեկ լրանում էր նշյալ ժամկետը, «Փաստը» փորձեց ճշտել՝ արդյո՞ք վճարումը ժամանակին կատարվել է: Թերթի աղբյուրը տեղեկացրեց, որ գումարն ամբողջությամբ վճարված է` համաձայն պայմանավորվածության: Մենք նաև տեղեկություններ էինք ստացել, որ պետության նկատմամբ ֆինանսական պարտավորությունների կատարմանը զուգընթաց հյուրանոցում լայնածավալ շինարարական աշխատանքներ են կատարվել, և այն շահագործման կհանձնվի աշնանը. հյուրանոցային համալիրը գրեթե ամբողջությամբ պատրաստ է շահագործման, կոսմետիկ փոփոխություններն են կատարվում։ Ավելին, կան տեղեկություններ, որ բացման արարողությունը կարող է տեղի ունենալ մինչև այս տարվա հոկտեմբերի վերջը ընկած ժամանակահատվածում:
Ըստ մեր աղբյուրի, շուտով այդ մասին հաղորդագրություն կտարածվի։ Հավելենք, որ, մեր տեղեկություններով, հյուրանոցը հանդես է գալու Eighty Eight բրենդով:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում