Բեռներն ինչքան Կոռնիձորում կանգնեն, այնքան սա ցույց կտա, որ Ադրբեջանը չի ուզում խաղաղություն. Շվեդիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանից դեպի Լեռնային Ղարաբաղ ուղարկված բեռները որքան կանգնեն Կոռնիձորի հատվածում, այնքան դա ցույց կտա, որ Ադրբեջանը չի ուզում խաղաղություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ընդգծեց Շվեդիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Արին Կարապետը, ով այցելել էր Կոռնիձորի հատված, որտեղ կանգնած են հումանիտար բեռով բեռնատարները:
Արին Կարապետին ուղեկցում էր Հայաստանի վարչապետի օգնական Հակոբ Աբրահամյանը: Արին Կարապետը նշեց՝ եկել է իր աչքերով տեղում տեսնելու իրավիճակը:
«Ցավոք սրտի, ոչ բեռը, ոչ մենք չենք կարող անցնել այս միջանցքով: Հիմա Արցախի 120 հազար բնակիչ շուրջ 8 ամիս շրջափակման մեջ է: Ամբողջ աշխարհն էլ տեսնում է, որ բեռները չեն կարողանում անցնել»,-ասաց Կարապետը:
Ըստ նրա՝ հիմա պետք է Հայաստանը, ԵՄ-ն, ԱՄՆ-ն, Շվեդիան անեն հնարավորինը բեռն անցկացնելու համար: «Լաչինի միջանցքը պետք է բացվի, ուրիշ ճանապարհ չկա»,-ընդգծեց Շվեդիայի խորհրդարանի պատգամավորը:
Չնայած միջազգային հանրության կոչերին՝ Ադրբեջանը չի բացում միջանցքը: Ամեն օր վիճակը վատանում է: Շվեդիայի խորհրդարանի պատգամավորը նշեց՝ աշխարհը սա 24 ժամ տեսնում է:
«Ինչքան այս բեռներն այստեղ կանգնեն, ցույց կտա, որ Ադրբեջանը չի ուզում խաղաղություն: Եթե իրոք ուզում է խաղաղություն, ուզում է հարցը լուծել, թող թողնի բեռներն անցնեն, մարդիկ սովից չմեռնեն: Դու չես կարող մի կողմից ասել, թե խաղաղություն ես ուզում, մյուս կողմից ասել, որ 120 հազար մարդ ուտելու մի բան չունենա»,-ասաց Կարապետը:
Անդրադառնալով Ադրբեջանից հնչող հայտարարություններին, թե միայն Աղդամով թույլ կտան բեռներ անցկացնել՝ Շվեդիայի խորհրդարանի պատգամավորը շեշտեց, որ դա Ադրբեջանի քաղաքական խաղն է, ամբողջ աշխարհն է ասում, որ Լաչինի միջանցքը պետք է բացվի:
Նա ընդգծեց՝ որքան Ադրբեջանը թույլ չտա, որ բեռներն անցնեն, այնքան Եվրոպայում նրան վատ աչքով կնայեն: Միևնույն ժամանակ Կարապետը կարծիք հայտնեց, որ ԵՄ-ն դանդաղ է աշխատում:
ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանն էլ հայտնեց, որ քննարկումները շարունակական բնույթ են կրում, ցավոք այս պահին նորություն չկա: «Հումանիտար ճգնաժամի սրացումը տեղի է ունենում ժամ առ ժամ ռեժիմով: Ուստի միջազգային արձագանքներն են ավելանում: Գիտակցումը կա, որ իրոք ԼՂ-ում առկա է խորը հումանիտար ճգնաժամ, որը հաղթահարելու համար անհրաժեշտ են գործուն քայլեր»,-ասաց նա:
Սակայն հումանիտար բեռները ԼՂ տեղափոխելու առումով դեռևս նորություն չկա: