Բրյուսելի վտանգավոր մեսիջները
Общество
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Առիթ ունեցել ենք ասելու, որ միջնորդական հարթակներից Բրյուսելն ամենավտանգավորն է մեզ համար:
Միշել- Փաշինյան- Ալիև հերթական եռակողմ հանդիպումը հաստատեց այդ պնդումը՝ երեք վտանգավոր արձանագրումներով.
ա) «Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ևս մեկ անգամ լիովին վերահաստատել են իրենց հարգանքը միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ» (հատված Միշելի հայտարարությունից):
Այստեղ մեզ համար վտանգավորը Ադրբեջանի ինքնիշխանության կամ քաղաքական ամբողջության անվերապահ ճանաչումն է, ինչը նշանակում է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ԼՂ նկատմամբ նրա անվերապահ ինքնիշխանությունը նույնական են, այլ խոսքով՝ ճանապարհ է բացվում ունիտար Ադրբեջանին ԼՂ ինտեգրման համար:
բ) նույն տրամաբանության մեջ է Միշելի հայտարարության մեկ այլ դրվագ. «Այս համատեքստում ես հայտնեցի ԵՄ-ի հորդորը Բաքվի և նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում բնակվող հայերի ներկայացուցիչների միջև ուղիղ երկխոսության ծավալման մասին։
Այս երկխոսությունը պետք է ապահովի շատ անհրաժեշտ վստահություն բոլոր ներգրավվածների համար»:
Այստեղ որևէ երկիմաստություն չկա. ԼՂ խնդիրը դիտարկվում է որպես Ադրբեջանի «ներքին հարց», բացակայում է անգամ դիալոգի միջազգային մեխանիզմի պահանջը:
գ) «Ես ընդգծեցի Լաչինի ճանապարհի բացման անհրաժեշտությունը։ Ես նաև նշել եմ Աղդամի միջոցով մարդասիրական մատակարարումներ իրականացնելու Ադրբեջանի պատրաստակամությունը։ Ես երկու տարբերակներն էլ կարևոր եմ համարում և խրախուսում եմ մարդասիրական առաքումներ իրականացնել երկու կողմերից՝ բնակչության կարիքներն ապահովելու համար» (հատված Միշելի հայտարարությունից):
Սա, թերևս, ԵՄ նախագահի հայտարարության ամենավտանգավորն դրվագն է, որովհետև՝ ա) Լաչինը համարվում է ոչ թե միջանցք, այլ ճանապարհ, բ) լեգիտիմացվում է Աղդամի ճանապարհով Արցախի հումանիտար ճգնաժամը լուծելու Բաքվի պահանջը, ավելի ստույգ՝ «ինտեգրման» օրակարգը:
Վահրամ Բագրատյան