Կապանում շարունակվում է միջազգային երաժշտական փառատոնը (ֆոտո)
ВидеоԿապանի արվեստասեր հասարակությունը արդեն հինգերորդ օրն է շարունակում է մեծ ոգևորությամբ և առանձնակի ջերմությամբ ունկնդրել փառատոնի շրջանակներում տեղի ունեցող յուրաքանչյուր համերգային ծրագիր։ Սյունիքի մարզկենտրոնում առաջին անգամ է անցկացվում միջազգային երաժշտական փառատոն, որի նպատակը մշակույթի միջոցով հույս և տոկունություն բերելն է Հայաստանի սահմանամերձ տարածաշրջանին։ Կապանն իր շուրջն է հավաքել հարյուրից ավելի երաժիշտների՝ Հայաստանից եւ արտերկրից:
Հուլիսի 10-ին հանդիսատեսի հետ իրենց փորձով, մասնագիտական խորհուրդներով կիսվել, ինչպես նաև ներկաներին հետաքրքրող հարցերին պատասխանել են դաշնակահարներ Արմեն Քարամյանը, Հայկ Մելիքյանը և նրա պրոդյուսեր Ալեքսանդր Պլատո Հակոբյանը։
Ինչպես և նախորդները, այս համերգային ծրագրում ևս ընդգրկվել և երեկոն իրենց ելույթներով բացել են միջազգային մրցույթների դափնեկիր պատանիները։ Այնուհետև, երկու ռոմանտիկ կոմպոզիտորների՝ Ֆրեդերիկ Շոպենի և Ֆերենց Լիստի ստեղծագործություններով համերգային երեկոն շարունակել է Հայաստանի վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանը, ով այս անգամ էլ հանդիսականներին գերել ու հմայել է իր վիրտուոզ կատարմամբ՝ ցուցաբերելով գործիքին տիրապետելու բացառիկ վարպետություն: Երեկոյի գլխավոր անակնկալը Ավանեսյանների տաղանդավոր ընտանիքի ելույթն էր, որը ևս հանդիսատեսին անտարբեր չի թողել։
Ջութակահարներ Հայկ Ղազազյանի, Հրաչյա Ավանեսյանի, Անդրեյ Գրիդչուկի, Արմեն Նազարյանի, Արմեն Պողոսյանի, Կարեն Շահգալդյանի և թավջութակահարներ՝ Սևակ Ավանեսյանի ու Դավիթ Եժով-Յավրումյանի կատարմամբ համերգի ընթացքում հնչել են Պյոտր Իլյիչ Չայկովսկու «Հիշողություն Ֆլորենցիայի մասին» և Ֆելիքս Մենդելսոնի «Լարային օկտետ մի բեմոլ մաժոր երկ 20» չորս մասանի ստեղծագործությունները։
Համերգի երկրորդ հատվածում հանդիսատեսն ունկնդրել է Ժյուլ Մասնեի «էլեգիա» և Ռիխարդ Շտրաուսի «Մորգեն» ստեղծագործությունները՝ անզուգական սոպրանո Լիաննա Ալեքսանյանի, դաշնակահարուհի Աննա Սարկիսովայի և թավջութակահար Սևակ Ավանեսյանի կատարմամբ։
Նշենք, որ փառատոնի կազմակերպման աշխատանքներին աջակցել են Կապանի համայնքապետարանն ու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։
Միջազգային երաժշտական փառատոնը անցկացվում է հուլիսի 4-14-ը: Փառատոնին մասնակցում են շուրջ 70 ուսանողներ՝ Կապանից և Հայաստանի այլ քաղաքներից, Կապանի երաժշտության ուսուցիչներ, պրոֆեսորադասախոսական կազմի 20-ից ավելի անդամներ՝ արհեստավարժ երաժիշտներ և դասախոսներ Հայաստանից ու արտերկրից: Միջոցառումները անվճար են և բաց՝ այցելուների համար: