«Ինստիգեյթ» ՓԲԸ-ն համալրել է հայկական նավատորմը 22-րդ նավով
ОбществоՇուրջ տասը տարի նախնական մշակումներ իրականացնելուց հետո՝ «Ինստիգեյթ» ՓԲԸ-ն մեծ ներդրում է կատարել նավարկության ոլորտում իր նախագծերը զարգացնելու համար՝ գիտահետազոտական և բիզնես
նպատակներով ձեռք բերելով սեփական առագաստանավը։
Այն հնարավորություն կտա փորձարկել և զարգացնել ընկերության մշակած անվտանգության ապահովման համակարգերը, որոնք կիրականացնեն ցերեկային և գիշերային տեսահսկում՝ թույլատրելով նավարկողին ննջել ճանապարհորդության ընթացքում։
«Նավարկության ոլորտում մշակումները սկսել ենք 2013 թվականից՝ «Սինգապուր Թեքնոլոջիս» ընկերության հետ՝ սինգապուրյան նավահանգստի սահմանապահ ինքնագնաց ռազմանավերի համար մշակելով իրավիճակային իրազեկման, ինքնաղեկավարման, տեղորոշման, կապի և անվտանգության համակարգեր»,-նշում է «Ինստիգեյթ» ՓԲԸ համահիմնադիր Վահագն Պողոսյանը։
Անվտանգության ապահովման համակարգերից զատ՝ «Ինստիգեյթ»-ն աշխատում է նաև շարժիչների կառավարման ուղղությամբ, որոնք կլիցքավորվեն ուժգին քամու ընթացքում և կկարողանան ապահովել առագաստանավի արագ ընթացքը քամու ցածր ուժգնության պայմաններում։
«2004 թվականին, երբ հիմնադրում էինք «Ինստիգեյթ»-ը, ուզում էինք ունենալ կայուն բիզնես, որտեղ մենք՝ հիմնադիրներս, նույնպես կլինեինք աշխատակիցներ։ Այժմ պետք է աշխատել նաև Երկրի ռեսուրսների կայունացման ուղղությամբ։ Առագաստանավը, ինչպես նաև նավի շարժիչը, բացառապես քամու շնորհիվ են աշխատելու, առանց որևէ վառելիք օգտագործելու», - նշում է «Ինստիգեյթ» ՓԲԸ համահիմնադիր Էննո Վայնը, ով մինչ այս Սիլիկոնյան հովտի թիմերից մեկի կազմում մասնակցել է առագաստանավերի մրցույթների, ինչպես նաև ունի սեփական փոքր առագաստանավ Եվրոպայում։
Այժմ իրականացվում են հետազոտություններ նաև քամուց արագ նավարկության խնդրի լուծումը գտնելու վերաբերյալ։ Այս լուծման մշակումը նորարարություն է լինելու նավարկության ոլորտում։ Մյուս ուղղությունն իրավիճակային իրազեկման կենտրոնի, կապի և տեղորոշման համակարգերի ստեղծումն է, ինչը հնարավորություն կտա նաև քարտեզագրել օվկիանոսի աղբը, չափումներ կատարել և այլն։
«Հայաստանյան շուկայում գործող այն ընկերությունները, որոնք զբաղվում են նավարկության ոլորտում խելացի լուծումների մշակմամբ, կարող են ծովում փորձարկել իրենց լուծումները՝ դիմելով «Գիտական հետազոտությունների զարգացման կենտրոն»-ին», - նշում է «Ինստիգեյթ» ՓԲԸ տնօրեն Արման Պողոսյանը։
Նշենք, որ «Ինստիգեյթ» ՓԲԸ-ն հայկական ներդրումային արվեստանոց է, որը տարիներ շարունակ զբաղվում է տեխնոլոգիական, կրթական և այլ ոլորտների զարգացմամբ՝ հիմնելով ստարտափներ, որոնցից շատերն այսօր արդեն խոշոր և ինքնաբավ ընկերություններ են։