«Աղջոց վանքն անպայման կվերականգնվի». «Փաստ»
Пресса«Փաստ» օրաթերթը գրում է
Անցած տարվա սեպտեմբերի սկզբին հասարակական գործիչ Զինավոր Մեղրյանը հայտարարել է, որ իր ընկերների հետ խորհում են Խոսրովի արգելոցում գտնվող Աղջոց վանքը վերանորոգելու մասին։ «Վանական համալիրը պետք է վերականգնվի, իրավունք չունենք կորցնելու անցյալից մեզ հասած այս հարուստ պատմական, մշակութային, հոգևոր ժառանգությունը», - այն ժամանակ ասել էր Զ. Մեղրյանը՝ հավելելով, որ Վանքի վերանորոգումը ոչ միայն ֆիզիկական, այլև հոգևոր իմաստ պետք է կրի: «Ինչ-որ մի տեղից պետք է սկսենք Հայաստանի վերականգնումը։ Կարծում եմ՝ Աղջոց վանքը ճիշտ մեկնակետն է», - հայտարարել էր Զինավոր Մեղրյանը։ Աղջոց վանք անունը կրող միջնադարյան վանական համալիրը գտնվում է Արարատի մարզում՝ Խոսրովի պետական արգելոցում:
Այն տեղակայված է Գառնիից դեպի արևելք՝ Գեղամա լեռներից դեպի Ազատի գետն իջնող ձորակում: Ավանդության համաձայն, Աղջոց վանքը կառուցվել է 4-րդ դարում՝ Սբ. Գրիգոր Լուսավորչի նախաձեռնությամբ։ Սակայն այսօր մեզ հասած վանքը 13-րդ դարում վերակառուցված համալիրն է: Վարդան Արևելցու հիշատակության համաձայն, Աղջոց վանք վանական համալիրում պահվել է Ստեփանոս քահանայի և Գրիգոր Լուսավորչի որդու՝ Արիստակեսի Սուրբ աջերը: «Ինչպես տեղյակ եք, մի քանի ամիս առաջ մենք այցելեցինք Աղջոց վանք։ Կարևոր մի խնդիր ունեի լուծելու այն ժամանակ՝ անհրաժեշտ էր մարդկանց ուշադրությունը հրավիրել դեպի մեր հոգևորմշակութային ժառանգության այդ կարևոր կոթողը և միավորել կարող ուժերին այդ հրաշքը վերականգնելու գաղափարի շուրջ։
Այսօր կարող եմ ասել, որ խնդրի մի մասն արդեն լուծված է՝ մեր ժողովրդի շատ զավակներ սիրով արձագանքեցին կոչիս և պատրաստակամություն հայտնեցին լծվել Վանքի վերականգնման գործին», - «Փաստի» հետ զրույցում ասաց Զինավոր Մեղրյանը։ Հասարակական գործիչը նշում է, որ դժվարություններ շատ կան։«Ցավոք, վանք այցելելուց հետո անցյալ տարի տեղի ունեցավ Ադրբեջանի հերթական ագրեսիան, որի հետևանքով հարյուրավոր մեր զինվորներ կրկին ստիպված եղան կյանքի գնով պաշտպանել մեր հայրենիքը։ Հետո եկավ ձմռան շրջանը։ Այս ամենն, իհարկե, խոչընդոտում էր Աղջոց վանքի վերականգնման գաղափարի իրականացումը։ Սակայն գործը երբեք կանգ չի առել, և ես վստահ եմ, որ շուտով կանցնենք մեր նպատակի իրագործման պրակտիկ կողմի աշխատանքներին», - նշեց Զ. Մեղրյանը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում