Չսիրեց «թավիշն» Այ-Թի-ն, հարցերը թողնում է մայթին․ «Փաստ»
Пресса«Փաստ» օրաթերթը գրում է
Թվում է, թե առանձնապես արտառոց մի բան չկա, երբ կառավարության ղեկավարը ներկա չի գտնվում այս կամ այն ոլորտային խոշոր միջոցառմանը և, ազատ ժամանակ գտնելով, գնում է որևէ տեղ խաշած եգիպտացորենի կողր կրծելու, ֆոտոսեսիա անելու կամ որևէ ամրոցում ֆռֆռալու: Բայց դա միայն թվում է: Առավել ևս, եթե կառավարության ղեկավարը, լավ, իրերը կոչենք իրենց անուններով, ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը նախապես ցանկացել էր ներկա գտնվել «ԴիջիԹեք 2022» տեխնոլոգիական ցուցահանդեսին և «DigiTec Summit 2022» միջազգային համաժողովին:
Ավելին, արդեն առիթ ունեցել ենք մեր ընթերցողին պատմելու, որ Նիկոլ Փաշինյանի ներկայությունը բավականին ջանասիրորեն նախապատրաստվելիս է եղել նրա աշխատակազմի և անվտանգության ծառայության կողմից: Վերջիններս այնքան ջանասիրաբար են գործին կպել, որ խնդիրներ ու որոշ դժվարություններ են ստեղծել անգամ ցուցահանդեսի կազմակերպիչների համար: Բայց այդ ամենից հետո Նիկոլ Փաշինյանը չի գնացել «ԴիջիԹեք 2022» տեխնոլոգիական ցուցահանդեսին և «DigiTec Summit 2022» միջազգային համաժողովին մասնակցելու: Իսկ թե ինչու չի գնացել, արդեն ներկայացրել ենք: Կարճ ասած՝ «շոու» ապահովելու տեղ չի եղել, չի գնացել: Մինչդեռ ՏՏ ոլորտի ներկայացուցիչները, որոնց համար նշված ցուցահանդեսը տարվա կարևոր ոլորտային իրադարձությունն է, յուրատեսակ տարեկան-հաշվետու համաժողով, խիստ դժգոհ են մնացել նման անպատասխանատու և արհամարհական վերաբերմունքից:
Նրանք ոլորտին վերաբերող ու այս ընթացքում կուտակված բազմաթիվ հարցեր ունեին, որոնք նախատեսում էին ներկայացնել Նիկոլ Փաշինյանին: Ամեն դեպքում՝ վարչապետի պաշտոնն է զբաղեցնում, համապատասխան գրությամբ սաղավարտ է կրում, գոնե ի պաշտոնե պետք է, չէ՞, ինչ-որ կարևոր հարցեր լսի: Թեպետ նա լսելու հետ, որքան հայտնի է, չունի, փոխարենը սիրում է չիմացած բաների մասին «խորիմաստ» դատողություններ անել: Բայց դա էլ դնենք մի կողմ: Կային հարցեր: Կային ակնկալիքներ, որ այդ հարցերը գոնե նրան կհասցնեն: Բայց՝ ալգորիթմում «ծափ տվեք, արա»-ի պակետը դիլեյթ է եղել, Փաշինյանի նախատեսված այցելությունն էլ՝ «էռռոռի» տակ ընկել: Մի խոսքով՝ «վատ կապուղի»: Ներկաներից մեկն անգամ չափածո սրամտել է, թե՝ չսիրեց «թավիշն» Այ-Թի-ն, հարցերը թողնում է մայթին: Կատակը՝ կատակ, բայց այս ամենի խորքում բավականին լուրջ խմորումներ կան:
ՏՏ ոլորտի ներկայացուցիչները հիմնավոր կասկածներ ունեն, որ այս դեպքում հիմնական խնդիրները հարուցողն ու ոլորտի հետ կառավարության հարաբերությունները փչացնող առանցքային դերակատարը ԿԳՄՍ նախկին նախարար, այժմ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն է: Այն, որ նա դեռ իշխանության գալու սկզբնական շրջանում փորձեց խնդիրներ հարուցել և հարուցեց տարբեր կրթօջախների համար (հիշենք թեկուզ «Այբ»-ի հետ կապված պատմությունն ու այդ կրթօջախի համար հրապարակային անախորժ հոլովումների առիթներ տալը), նորություն չէ: Որոշ չափով հայտնի էր նաև, որ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների տպավորիչ ցանցը ևս հայտնվել էր Արայիկ Հարությունյանի համար ոչ սիրելիների «սև ցուցակում»:
Պարզվում է՝ դրա պատճառներից մեկը այն է, որ «Արմաթ» լաբորատորիաները դեռ «նախկինների» ժամանակ են ստեղծվել, ինչը «թավշյա» մոդեռնիստների ներկայացուցիչները ծանր են տարել (հա, դե, եթե իրենց մնար, կասեին՝ Հայաստանի պատմությունը 2018-ին է սկսվել, չնայած իրողությունները հակառակի մասին են խոսում, այն, որ 2018-ը կարծես պատմության վերջի սկիզբն էր, ինչևէ): Հետաքրքիր է, եթե քպականներին մի քանի անգամ ասեն, որ հանրահայտ «Թումո» կենտրոն հիմնելու պայմանավորվածությունն էլ Ռոբերտ Քոչարյանի օրոք է եղել, ապա նրանց ինքնազգացողությունը կտրուկ կվատանա՞:
Պարզվում է նաև, որ «Արմաթ» լաբորատորիաների անխափան ֆինանսավորման, ցանցի ընդլայնման, նոր լաբորատորիաներ բացելու հետ կապված ևս խնդիրներ կան, որոնք անխուսափելիորեն դժգոհություններ են հարուցում, քանի որ իշխանությունը, որի առաջնային գործառույթներից մեկը հենց նման ընթացիկ հարցերը սահուն լուծելն է, առանձնապես այդ խնդիրների վրա չի կենտրոնանում: Հետաքրքիր է, ի դեպ, որ եթե վաղը, մյուս օրը նկարագրված և այստեղ չմանրամասնված դժգոհությունները հասնեն որոշակի կուլմինացիայի, ապա ի՞նչ դրսևորում կունենան: Մյուս կողմից՝ առնվազն տարօրինակ է Նիկոլ Փաշինյանի իշխանության նման արհամարհական վերաբերմունքը ՏՏ ոլորտին: Տարօրինակ է, որովհետև «թավշյա» շիլաշփոթի ժամանակ այս ոլորտի բազմաթիվ ներկայացուցիչներ, անգամ՝ ընկերություններ եղան, որ գրեթե ամբողջական կազմով ներգրավվեցին «հեղափոխական» թոհուբոհի մեջ:
Ավելին, Փաշինյանի կառավարությունը մեծապես օգտվում է Հայաստանում ՏՏ ոլորտի ներկայությունից, ճյուղավորումից ու աճից: Ի լրումն, այդ ոլորտի ներկայացուցիչներ են նաև ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով ժամանակավորապես Հայաստանում վերաբնակված տասնյակ հազարավոր ռուսաստանցիներ, այսինքն՝ փաշինյանական կառավարությունը այս կողմից էլ որոշակիորեն շահում է: Եվ այդ ամենից հետո, ահա, այդպիսի վերաբերմունք: Բնութագրական է, ոչինչ չես ասի:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում